17/11/2017 19:10
Իրանը և ադրբեջանական «Հյուսիս-Հարավ» նախագիծը
Ի․ Ալիևի՝ Թեհրան կատարած վերջին այցի և ՌԴ-ԻԻՀ-ԱՀ եռակողմ ձևաչափով հանդիպումից հետո հայրենական մեդիայում և փորձագիտական դաշտում կրկին ակտիվացել է «Հյուսիս-հարավ» երկաթուղու շինարարության թեման և ԻԻՀ-ն՝ ԱՀ-ի միջոցով ՌԴ-ին միացնելու մտայնությունը։
Այդ ամենը լավ գիտակցելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան գործի է անցել և հետևողական աշխատանքով հայկական ու իրանական լսարանին է հրամցնում Ռաշթ-Ասթարա երկաթուղու շինարարության համար, իբրև թե, Բաքվի կողմից իրանական կողմին տրամադրվող կամ արդեն տրամադրված գումարի թեման՝ փորձելով լրացուցիչ ճնշում գործադրել որոշում ընդունողների վրա։
16․11․2017-ին կրկին լուր տարածվեց այն մասին, որ ադրբեջանական կողմը 500 մլն դոլարի վարկ է տրամադրել Իրանի Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցման նպատակով, որի կառուցապատման գործողությունները սկսվելու են 2018 թ․ սկզբներին։
Վերոնշյալի համատեքստում կարելի է առանձնացնել առնվազն մի քանի գործոն, որոնք ադրբեջանական կողմը կա՛մ չի գիտակցում, կա՛մ էլ գիտակցելով՝ դիտավորյալ կերպով անտեսում է՝ առավելություն տալով խնդրի քարոզչական կողմին, քան օբյեկտիվ իրականությաը։
1. Նախ՝ 2018 թ․ սկիզբը համընկնում է իրանական տարվա ավարտի հետ։ Իսկ ինչպես հայտնի է, տարվա ավարտին գրեթե ոչ մի երկրում լուրջ ծրագրեր չեն սկսվում, տարեվերջը հաշվետվությունների, անցնող տարին ընդհանրացնելու և համապատասխան եզրակացություններ անելու շրջանն է։ Մանավանդ, որ այս տարին Իրանի համար բավական բուռն էր՝ հագեցած բազմաթիվ ձեռքբերումներով և խնդիրներով։ Բացի այդ, 2018 թ․ սկիզբը համընկնում է ձմռան հետ, իսկ Իրանի հյուսիսում պարզապես հնարավոր չէ ձմռանը շինարարական աշխատանքներ սկսել, պետք է համբերել մինչ գարուն։ Գարնան բացվելն էլ համընկնում է իրանական նոր տարվա հետ։ Բոլորս էլ գիտենք, որ մարտի 21-ը իրանցիների Նոր տարին է՝ նովրուզը, որից հետո սկսվում է մոտ մեկամսյա արձակուրդները։ Ստացվում է, որ շինարարությունը լավագույն դեպքում կարող է սկսվել 2018 թ․ երկրորդ կեսին։
2. Դժվար է հավատալ, որ Իրանի նման պետությունը չունի 500 մլն-ի չափ ֆինանսական միջոցներ՝ երկաթուղու կառուցման աշխատանքները սկսելու համար։ Այստեղ հարցը պետք է դիտարկել բոլորվին այլ հարթության մեջ․ նախ՝ սկզբնապես հայտարարվել էր, որ ոչ թե Ռաշթ-Ասթարայի համար է 500 մլն դոլար պետք, այլ՝ Ղազվին-Ռաշթ-Ասթարայի համար։ Ադրբեջանական միջազգային բանկն այդ գումարը տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել, հետագայում, սակայն, վերոնշյալ բանկը սնանկ հայտարարվեց, իսկ Իրանն էլ ծախսերի վերահաշվարկ կատարեց և գումարը 500 մլն-ից հասավ 1 մլրդ-ի։ Իրանում պարզապես հստակ գիտակցում են, որ այդ երկաթուղու շինարարությունը որքան իրենց համար է կարևոր, կրկնակի էլ՝ ադրբեջանական կողմի համար, և ամեն ինչ անում են, որպեսզի այս ծրագիրն իրականանա ադրբեջանական կողմի ֆինանսավորման հաշվին
3. Շատ կարևոր է հասկանալ իրանական կողմի դիվանագիտական մեսսիջների լեզուն։ Այսպես՝ երբ ս․թ․ նոյեմբերի 1-ին Թեհրանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ, որի օրակարգային հիմնական թեման «Հյուսիս-հարավ» միջանցքի քննարկման հարցն էր, իսկ իրանական կողմի ջանքերի շնորհիվ օրակագ մտցվեց նաև Կասպից ծովի կնճռոտ խնդիրը, որը եթե Ռուսաստանի պարագայում պարզ է, իսկ Ադրբեջան-Իրան հարաբերություններում՝ խճճված և տեսանելի ապագայում էլ հարթեցման կարոտ, ապա պարզ էր, որ իրանական կողմի համար կամ ձեռնտու չէ «Հյուսիս-հարավ» երկաթուղու խնդրի քննարկումը նման բարձր մակարդակով, կամ Թեհրանն ամեն կերպ փորձում էր նմանատիպ միջոցներով իջեցնել հարցի կարևորությոնն ու առաջնայնությունը։
4. Եվ վերջապես, ի թիվս այլ խնդիրների և հարցերի, իրանական կողմը «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման դեպքում մտավախություններ ունի, որ կունենա նաև անվտանգային խնդիրներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իրանական կողմի այն մտավախությանը, թե Ադրբեջանի շահագրգռվածութունն այս երկաթուղու կառուցման գործում ոչ այնքան սեփական նախաձեռնության, որքան դրսի ուժերի՝ տվյալ դեպքում՝ Իսրայելի ջանքերի արդյունք է, քանի որ Իրանում Բաքվի ազդեցության ուժեղացումը և ներկայության աճն ուղիղ համեմատական է Իսրայելի ներկայության աճին հենց Իրանի ներսում։ Այս կետի հետ կապված՝ իրանական կողմը բերում է այն փաստարկը, որ ժամանակին Իսրայելի դեսպանը, այցելելով Իրանի հետ սահամանամերձ շրջաններ և տեղում ծանոթանալով իրավիճակին ու տեղանքին, հայտարարել էր, որ ողջունում է երկաթուղու կառուցումը երկու երկրների միջև։ Իրանում այս այցը և հայտարարությունը գնահատել էին ընդդեմ իրենց՝ որակելով այն կասկածելի։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է նշել, որ «Հյուսիս-հարավ» երկաթուղային միջանցքի կառուցումը Իրանի համար գուցե տնտեսապես շահավետ է, բայց քաղաքական, և որ ամենակարևորն է՝ անվտանգային առումով ձեռնտու չէ, ինչի լուռ ապացույցն են իրանական կողմի ներկայացված քայլերը։
Հետևաբար, Հայաստանի համար դեռևս կան էական հնարավորություններ՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող առանցքային միջանցքի վերածվելու, որի համար իրականացվող աշխատանքների ծավալներն ու ուղղությունները պետք է բազմապատկվեն հնարավորինս: