17/11/2017 13:00
Իրենից գառնուկ ձևացնելով` Ադրբեջանը որևէ մեկին խաբել չի կարող. Նալբանդյան
Իրենից գառնուկ ձևացնելով` Ադրբեջանը որևէ մեկին խաբել չի կարող, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարը նշեց` եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական մաքսիմալիստ դիրքորոշումներից, եթե կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգավորումը: Արդյոք Ադրբեջանը դա անում է:
«Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքների` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության: Արդյոք Ադրբեջանը դա անում է: Եռանախագահները կոչ են անում անվերապահորեն հարգել ու իրականացնել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը: Արդյոք Ադրբեջանը դա անում է: Եռանախագահները կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Արդյոք Ադրբեջանը դա անում է: Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի թիմի մոնիտորինգային կարղությունները: Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը: Անում է ամեն ինչ, որ, եթե անգամ ինչ-որ շատ ձևական թվի ավելացում լինի այդ թիմի, ապա սահմանափակ լինեն դրա հնարավորությունները: Մոտ 8-9 տարի մենք քննարկում էինք հիմնարար սկզբունքները, հետո Ադրբեջանն ասաց, որ հիմնարար սկզբունքներ պետք չէ քննարկել: Այս շարքը կարելի է շատ-շատ երկար շարունակել: Այնպես որ, ինչ-որ հայտարարություններ անել, իրենցից գառնուկ ձևացնել, կարծում եմ, որևէ մեկին խաբել չեն կարող», - ասաց ՀՀ արտգործնախարարն` ընդգծելով.
«Ժողովրդական ասացվածք կա` ինչքան քարոզ կարդան գայլի գլխին, գայլը մնում է գայլ»: