17/11/2017 15:49
Ֆրանսիայում ձերբակալվել է «ռուսական մաֆիայի» 35 անդամ
Փարիզում ու արվարձաններում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժանմունքի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել՝ նախկին ԽՍՀՄ-ից եկածների ստեղծած հանցավոր խմբավորման անդամներին ձերբակալելու համար, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով BFMTV-ին։
Ֆրանսիական հատուկ ծառայությունները կասկածյալներին հետևել են ավելի քան երկու տարի։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննությունը իրականացվել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան, Ինտերպոլի ու Եվրոպոլի օժանդակությամբ։ Արդյունքում հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են «35 մարդու, այդ թվում ութ կնոջ», որոնք հիմնականում վրացիներ են։ Նրանք մասնակցել են «կողոպուտների, դրամաշորթությունների, մարդկանց առևտրի»։
Խուզարկությունների ժամանակ ոստիկանները բռնագրավել են 70 հազար եվրո կանխիկ գումար, մի քանի ատրճանակ ու ավտոմեքենա։ Քննիչներին նաև հաջողվել է բացահայտել փողերի լվացման սխեման, որը օգտագործում էին չարագործները, դրանում ներառված է եղել նաև շինարարական ընկերություն։