17/11/2017 14:15
Հունական Ատտիկայում եղանակի պատճառով փակել են բոլոր դպրոցները
Հունաստանի Ատտիկայի նահանգի ղեկավար Ռենա Դուրուն կարգադրել է եղանակի պատճառով ուրբաթ փակել երկրի մայրաքաղաքային տարածաշրջանի բոլոր դպրոցները:
Նահանգապետի որոշումը հրապարակվել է հինգշաբթի երեկոյան: Հունաստանում մի ամբողջ շաբաթ է՝ հորդառատ անձրևներ են տեղում, որոնք հեղեղումների պատճառ են դարձել, հայտնում է РИА Новости-ն:
Ատտիկայում նոյեմբերի 15-ին տարերքի զոհ է դարձել 16 մարդ:
«Էքստրեմալ եղանակային երևույթների պատճառով և հանուն սովորողների անվտանգության Ատտիկայի նահանգապետը կրթության նախարարույթան հետ խորհրդակցելուց հետո որոշեց, որ վաղը Ատիիկայի բոլոր դպրոցները փակ կլինեն», - ասված է հաղորդագրության մեջ:
Ուսումնական պարապմունքները չեղարկված են տարրական և միջնակարգ կրթության դպրոցներում: Պիրեյում փակ կլինեն նաև մանկապարտեզները: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել. շենքերի վրա խոնարհված են պետական դրոշները, չեղարկվել են հասարակական միջոցառումները: