17/11/2017 17:17
Երևանի «Օլիմպոս» կրթահամալիրում բացվել է զոհված զինծառայողներին նվիրված փառքի սրահ
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի «Օլիմպոս» կրթահամալիրի ավագ դպրոցում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի մասնակիցներ Նարեկ Գասպարյանին և Տիգրան Խաչատրյանին նվիրված փառքի սրահի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը, զինծառայողների ծնողները, հարազատները, ընկերներն ու ուսուցիչները:
Նարեկ Գասպարյանը և Տիգրան Խաչատրյանն ապրիլյան պատերազմի օրերին թշնամական զորքերի հարձակմանը դիմակայել են Արցախի Մատաղիսի և Մարտակերտի պաշտպանական դիրքերում: Ավելի ուշ նրանք զոհվել են թշնամու գնդակից:
«Օլիմպոս» կրթահամալիրի փառքի սրահում տեղ են գտել հերոսացած տղաների լուսանկարները, գրառումները, անձնական իրերը: Փառքի սրահի բացման արարողության ժամանակ զոհված զինծառայողների մասին հուշեր են պատմել դպրոցի ուսուցիչները, նրանց սխրանքին են անդրադարձել միջոցառմանը ներկա պաշտոնատար անձինք, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հնչել են հայրենասիրական երգերի կատարումներ:
Նույն օրը Նարեկ Գասպարյանի շիրիմի մոտ բացվել է նաև երիտասարդ հերոսի հուշակոթողը: