18/11/2017 13:44
Դիլիջան միջազգային գագաթաժողովը մեկ հարկի տակ է հավաքել շուրջ 200 երիտասարդների. Լուսանկարներ
ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է Դիլիջան միջազգային գագաթաժողովը։ Միջոցառումը մեկ հարկի տակ է հավաքել ավելի քան 200 երիտասարդների, ինչպես նաև բիզնեսի տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող մասնագետների։
Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ողջ օրվա ընթացքում գագաթաժողովի մասնակիցներին բիզնես ոլորտի հաջողակները ներկայացնելու են իրենց հաջողության պատմությունները, ձեռքբերումները, ինչպես նաև մասնակիցներին ծանոթացնելու են start-up-երի կյանքի կոչման առավել արդյունավետ, շահեկան տարբերակներին ու մեթոդներին։
Մասնակիցները հնարավորություն են ունենալու թիմային աշխատանքի ընթացքում մշակել և ներկայացնել սեփական start-up գաղափարները, որոնք օրվա ավարտին ներկայացվելու են գագաթաժողովի շրջանակներում ստեղծված հատուկ ժյուրիի դատին, իսկ լավագույն գաղափարներն էլ արժանանալու են հատուկ մրցանակների։
Գագաթաժողովի բանախոսներից «Opera Suitе» հյուրանոցի գլխավոր մենեջեր, եգիպտացի նախկին ֆուտբոլիստ Մահմուդ Սաադը ներկայացնելով իր կյանքի և բիզնես հաջողության պատմությունը՝ կարևորեց կյանքում ճկուն լինելու, նոր մարտահրավերներին պատրաստ լինելու և անընդհատ փնտրտուքների մեջ լինելու սկզբունքը։
Braind Branding ընկերության համահիմնադիր և արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանն էլ խոսելով հաջողության պատմություն կերտելու մասին շեշտեց այնպիսի կարևոր գործոնների ճիշտ համադրության անհրաժեշտություն, ինչպես օրինակ ժամանակ, ոգևորվածություն և կատարելության ձգտում։
Գագաթաժողովի աշխատանքները շարունակվելու են մինչ օրվա ավարտ։