18/11/2017 16:17
Իր հրաժարականի մասին հայտարարած Լիբանանի վարչապետը Ֆրանսիա է ժամանել, հայտնում են ԶԼՄ-ները
Իր հրաժարականի մասին հայտարարած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին շաբաթ Սաուդյան Արաբիայից Ֆրանսիա է ժամանել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հանդիպելու համար, հայտնում է AFP-ն` հղում անելով Հարիրիին մերձ աղբյուրին: Հարիրին Էր Ռիադից թռել է ուրբաթ երեկոյան, փոխանցում է РИА Новости-ն:
Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Հարիրին անսպասելի հայտարարել է իր հրաժարականի մասին: Սաուդական «Ալ Արաբիայով» հեռարձակվող ելույթում նա «Հիզբոլլահ» շիական շարժմանը և Իրանին մեղադրել է Լիբանանում ու արաբական աշխարհում երկպառակություն սերմանելու համար և հայտարարել է իր դեմ պատրաստվող մահափորձի մասին:
«Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում, իսկ Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքները անհիմն է որակել: Նասրալլահը նաև ասել է, որ Էր Ռիադը Հարիրիին ստիպել է հրաժարական տալ, և հնարավոր է՝ նրան բռնությամբ է Սաուդյան Արաբիայում պահում:
Ավելի վաղ՝ ուրբաթ, Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել էր, որ երկրի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիայում է աշխատանքային այցով, և հույս է հայտնել, որ շաբաթ տեղի ունենալիք նրա այցը Փարիզ Բեյրութ վարչապետի վերադառնալու ևս մեկ վայր է:
Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Հարիրին շաբաթ կայցելի Փարիզ և կհանդիպի երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: