18/11/2017 09:35
Լոս Անջելես-Երևան թռիչքների հետ կապված ոչ մի խնդիր չկա. ՀԺ
«Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու հետ կապված ոչ մի խնդիր չկա: Մասնավոր սեկտորն ինքը պետք է հասկանա՝ այդ երթուղով չվերթների իրականացումը եկամտաբեր կլինի՞, թե՞ ոչ», - այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշել է նաև, որ ՔԱԳՎ-ն բանակցություններ է վարում բոլոր հնարավոր ուղղություններով, բայց քանի դեռ արդյունքները հստակ և վերջնական չեն, դրանց մասին չեն կարող խոսել:
«Երբ որ լինեն իրատեսական արդյունքներ, այդ ժամանակ կտեղեկացնենք», - ասել է նա:
Թերթն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ստորագրահավաք է սկսել Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղություններով ուղիղ թռիչքներ իրականացնելու պահանջով:
«Ուղիղ չվերթները կխնայեն ուղևորների ժամանակը, կազատեն անհարմարություններից, շահավետ կլինեն կոմերցիոն առումով, կնպաստեն Հայաստանում տուրիզմի և տնտեսական այլ ոլորտների զարգացմանը, ինչպես նաև կխնայեն ուղևորների ժամանակը», -նշված է ստորագրահավաքի տեքստում: