18/11/2017 20:30
Վանաձորում համաձայնությունը կայացավ. ՀՎԿ-ն համագործակցության հուշագիր է կնքել ՀՀԿ-ի հետ
«Հայկական Վերածնունդ» կուսակցությունը, որի նախագահը Արթուր Բաղդասարյանն է, Վանաձորի ավագանու շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրել Հանրապետական կուսակցության հետ։ Ըստ համաձայնագրի, ՀՎԿ-ն ներկայացնելու է Վանաձորի փոխքաղաքապետին։ Այս խմբակցության ղեկավարը Արկադի Փելեշյանն է։
Ավելի վաղ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Վանաձորի ավագանու խմբակցություններին ուղերձ էր հղել, որում ասվում էր հետևյալը. «Վանաձոր համայնքի ավագանու ԼՀԿ,ՀՎԿ և ԲՀԿ խմբակցությունների հարգելի անդամներ. Վանաձոր քաղաքի առջև ծառացած խնդիրները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու, մասնակցային կառավարում իրականացնելու և ի շահ Վանաձորի՝ կրկին անգամ առաջարկում և հորդորում եմ մասնակցել ավագանու նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը... Վանաձորն առավել՝ քան հիմա, կարիք ունի սրտացավության և իրական հոգատարության...»։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը օրերս հրապարակված որոշմամբ ոչ իրավաչափ էր ճանաչել Վանաձորի ավագանու նիստերը և դրանցում ընդունված որոշումները։