21/11/2017 10:23
Եվրոպայում առաջին անգամ անցկացվել են «Արցախի օրեր»
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Փարիզ քաղաքում մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, տեղի հայ համայնքի, Ֆրանսիայի հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:
Իր ելույթում նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայում «Արցախի օրեր» անցկացվում են առաջին անգամ, ինչի պատճառով պատասխանատվությունը կրկնակի է և սպասելիքները՝ ավելի մեծ:
«Մենք համոզված ենք, որ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով: Համոզված ենք, որովհետեւ ունենք հայրենասեր հայրենակիցներ եւ հավատարիմ բարեկամներ, ովքեր իրենց ներգրավմամբ կսատարեն բոլոր նախաձեռնությունների հաջող կյանքի կոչմանը»,- իր խոսքում շեշտել է Արցախի Հանրապետության նախագահը:
Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ «Ֆրանսիայում Արցախի օրերի» կազմակերպումն իր կարեւոր լուման կունենա Ֆրանսիայի հետ Արցախի փոխգործակցության ընդլայնման գործում՝ ֆրանսիական ու եվրոպական հանրությանը ներկայացնելով մեր երկիրը, նրա պատմությունը, մշակույթը, տնտեսությունը և այլ բնագավառներ՝ հավելելով, որ մեր բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը:
Միջոցառման ընթացքում Բ. Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին՝ բարձր գնահատելով տարիներ շարունակ նրա մշտական աջակցությունն Արցախին և մասնակցությունը մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում: