21/11/2017 10:33
«Ծառուկյան» խմբակցությունը վերջնական դիրքորոշում չունի բյուջեի նախագծի վերաբերյալ
«Ծառուկյան» խմբակցությունը, որն ԱԺ նիստում կոշտ քննադատության էր ենթարկել կառավարության գործունեությունը և ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագիծը, դեռևս վերջնական դիրքորոշում չունի՝ ինչպես է քվեարկելու փաստաթղթին։
«Խմբակցությունը որոշում դեռ չունի, դեռ չենք որոշել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը։
Նրա խոսքով՝ խմբակցությունը առաջարկություններ է ներկայացրել բյուջեի նախագծում ներառելու համար։
«Կնայենք, թե կառավարությունը մեր ներկայացրած առաջարկությունների մասով ինչ մոտեցում է ցուցաբերել, ըստ այդմ էլ՝ կոլեգիալ որոշում կկայացնենք», - ասաց Բոստանջյանը։
Անդրադառնալով բյուջեի նախագծին՝ Բոստանջյանը նկատեց, որ այն «մաքսիմալ հնարավորությունների բյուջե է» ու հավելեց.
«Այդ հնարավորությունները չափազանց սուղ են, ինչը, ըստ էության, նորից առաջընթացի հիմքեր չի տալիս։ Իհարկե, իշխանությունը, կառավարությունն ասում է, որ նախադրյալների ստեղծման բյուջե է։ Եթե այդպես էլ լինի, կարելի է նույնիսկ համակերպվել նման մոտեցման հետ։ Բայց բոլոր դեպքերում, բազմաթիվ ուղղություններով ֆինանսները կրճատվել են, օրինակ՝ կրթության ֆինանսավորումը երկու միլիոնի չափ, առողջապահության ֆինանսավորումը՝ տասը միլիոնի չափ»։