21/11/2017 12:33
Դեկտեմբերին ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկություն չունեմ. Նալբանդյան
Մենք շատ երկար ենք բանակցություններ վարել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ինչ վերաբերում է բանակցություններում կտրուկ առաջընթացին, ապա այս առումով ես բազմիցս ասել եմ, որ դժվար է այստեղ անիվ հորինել: Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը դրված են սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր: Մենք շատ երկար ենք բանակցություններ վարել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ», - նշեց Նալբանդյանը:
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ դեկտեմբերին ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում տեղի ունենա, Նալբանդյանը նշեց. «Այսօր որևէ տեղեկություն չունեմ դեկտեմբերին նախագահների հանդիպման մասին»:
ԱԳ նախարարն ընդգծեց, որ թեև Ադրբեջանը բանակցությունների ժամանակ ոչ կառուցողական վարք է դրսևորում, բայց հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է՝ պետք է շարունակել բանակցությունները, որովհետև դրանց այլընտրանք չկա:
«Մենք երբևէ չենք հրաժարվել նախարարների և նախագահների մակարդակով հանդիպել: Երբ հասունանա անհրաժեշտությունը, և լինի համապատասխան պատրաստվածություն, կլինի նաև նախագահների մակարդակով հանդիպում, բայց դեկտեմբերի մասով դա չի քննարկվում», - նշեց նա: