21/11/2017 19:32
ԱՄՆ դեսպանը այցելել է Մարդու իրավունքների պաշտպանին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանին, տեղեկացնում եմ ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, համագործակցության մեխանիզմները քաղաքացիական հասարակության հետ:
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանցքային դեր ունի մարդու իրավունքների ամրապնդման հարցում, և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստակամ է սերտ համագործակցել Օմբուդսմանին աջակցելու աշխատանքներին»,- ասել է Ռիչարդ Միլսը։
Նշվում է, որ Արման Թաթոյանը, արժևորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևորությունը, հաստատել է ԱՄՆ դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը: