21/11/2017 17:27
Դուք ուղղակի խայտառակում եք Հայաստանի Հանրապետության դատական համակարգը. Արամ Մանուկյանը՝ դատավորին
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի վարույթում գտնվող «Սասնա ծռերի» գործից անջատված մասի քննության ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը, ով նույն խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին է, հայտարարեց, որ դատավոր Արթուր Օհանյանը դատավոր կոչվելու իրավունք չունի:
«Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, որ մինչև այս գործը ձեր կողմից վարույթ ընդունվելը, ձեզ հետ հանդիպել է Սերժ Սարգսյանը և այս չորս նիստերի ընթացքում ձեր քայելը, այս կապիկությունը … Դուք քաղաքական պատվեր եք կատարում, Դուք դատավոր կոչվելու իրավունք չունեք, Դուք ուղղակի խայտառակում եք Հայաստանի Հանրապետության դատական ամբողջ համակարգը: Ես Ձեզ մի բան եմ խնդրում՝ մի խայտառակեք մեր դատական համակարգը», - դիմելով նիստը նախագահող դատավոր Արթուր Օհանյանին՝ հայտարարեց Մանուկյանը:
Ամբաստանյալը պնդեց, որ 26 տարի շարունակ անարդարություն է եղել երկրում, և իրենք՝ «Սասնա ծռեր» խմբի անդամները, հենց անարդարության համար են գտնվում դատարանում:
«Ձեր արածների ու չարածների համար մենք ենք պատասխան տալիս, հայ ժողովուրդն է պատասխան տալիս, Դուք պատասխան եք տալու ուրիշ ձև: Ես Ձեզ խնդրում եմ ինքնաբացարկի միջնորդությունն ընդունեք և Ձեր ձեռքերը լվացեք այս գործից», - հայտարարեց Մանուկյանը:
Նշենք, որ «Սասնա ծռերի» ընդհանուր քրգործից անջատվել է երեք մաս: Այս մասով մեղադրյալները 11-ն են՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գևորգ Իրիցյան և Թորոս Թորոսյան: Այս գործով դատաքննությունն ընթանում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ: