21/11/2017 17:49
Արիաննե Կաոիլին՝ իր նշանակման և ՀՀ վարչապետի հետ աշխատելու մասին
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին, նշանակվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական։ Անդրադառնալով իր նշանակմանը՝ նոր խորհրդականը ինստագրամի իր էջում գրել է.
«Շատ ուրախ եմ ՀՀ վարչապետի խորհրդական նշանակվելու և Հայաստանի տնտեսական զարգացմանն աջակցելու հնարավորության համար: Ինձ ոգեշնչում են պրոֆեսիոնալիզմը, արդյունքները և ազդեցությունը, և ես վստահ եմ, որ իմ նշանակալի միջազգային փորձը հասարակական և մասնավոր ոլորտներում հիմք կծառայեն նորարարական քաղաքական մտքերի և անկախ խորհրդատվության տրամադրման համար, որոնք այնուհետև կփոխակերպվեն հաստատուն արդյունքների և տարբեր ոլորտներում դրական ազդեցության»:
Նշանակումից հետո ակտիվորեն քննարկվում էր, թե ինչ խորհուրդներ պետք է տա Լևոն Արոնյանի կինը ՀՀ վարչապետին, ինչի կապակցությամբ էլ կառավարությունն այսօր վարչապետի նոր խորհրդականի մասին ինֆորմացիա տարածեց։
Ի դեպ, Aysor.am-ին տված հարցազրույցում դեռ ամիս առաջ ֆիլիպինուհին, անդրադառնալով իր հայաստանյան գործունեությանն, ասել էր.
«Գործունեությանս կարևոր բաղադրիչն իմ խորհրդատվական «Akron Consulting» կազմակերպությունն է, որը համագործակցելով կառավարության հետ՝ փորձում է հանրային և մասնավոր ոլորտում գործող կազմակերպությունների փոխհամագործակցությունն առավել արդյունավետ դարձնել: Մենք հանրային ռազմավարության շրջանակներում խորհրդատվություն ենք տալիս կառավարությանը: Ուզում ենք այնպես անել, որ մասնավոր սեկտորի հետ փոխըմբռնումն առավել արդյունավետ լինի: «Ճամփորդի» միջոցով փորձում ենք մեծացնել հասարակության ներգրավվածությունը պետության կառավարման, հանրային ռազմավարության մշակման մեջ: Երկրի՝ առաջընթաց ունենալու համար շատ կարևոր է, որ նրա հասարակությունն անկողմնակալ աղբյուրից տեղեկանա տնտեսական ու քաղաքական զարգացումներին: Սովորական քաղաքացին պետք է իմանա՝ ինչո՞ւ այս կամ այն որոշումն ընդունվեց, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ… Իհարկե, մենք կատարյալ չենք, սակայն փորձում ենք մեր ուժերի ներածին չափով լավագույնս կատարել մեր առջև դրված խնդիրները»: