21/11/2017 13:00
Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել. Արկադի Փելեշյան
Այսօր Վանաձորի ավագանու արտահերթ նիստում «Հայկական Վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի փոխքաղաքապետ: Ավագանու նիստից հետո Փելեշյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը նախկինում ընտրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանին:
«Անձամբ ընտրել էի Քրիստ Մարուքյանին, ուզում էի, որ ինքը քաղաքապետ լիներ, բայց տեսա, որ բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի լինում: Ես եկել եմ էսօր աշխատելու՝ ի օգուտ մեր ժողովրդի, ի շնորհիվ մեր ժողովրդի, որ փորձենք մեր ժողովրդի համար մի լավ բան անել», - հայտարարեց Փելեշյանը:
Փելեշյանը դժգոհեց Քրիստ Մարուքյանից և ասաց, որ մեկ տարվա ընթացքում նա չի փորձել իրենց հետ հանդիպել:
«Մի անգամ չի տեսել մեզ, մի անգամ չի ասել մեզ իր ծրագրերի մասին: Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել եմ», -հայտարարեց Փելեշյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է փոշմանել, Փելեշյանը պատասխանեց. «Ո՞նց ինչի եմ փոշմանել, որ քաղաքը մի տարի ա՝ էս օրն ա քցել, դրանից եմ փոշմանել»:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը, որի նախագահը Արթուր Բաղդասարյանն է, Վանաձորի ավագանու շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրել Հանրապետական կուսակցության հետ։ Ըստ համաձայնագրի՝ ՀՎԿ-ն ներկայացնելու է Վանաձորի փոխքաղաքապետին։