21/11/2017 15:50
Տարկետման նախկին տարբերակին վերադառնալը ճիշտ չի լինի. Արմեն Ռուստամյան
Ուսանողների հետ սպասվող կլոր սեղան-քննարկումներից հետո ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի չեն ունենա և ամեն ինչ չի վերադարձվի զրոյական դիրքերի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այս օրենքով նոր հնարավորություն և դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար, որի մասին շատերը տեղյակ չեն: Իրականում սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում: Այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ, որ ուզում են ուսում ստանալ, շարունակել իրենց ուսումը, այս օրենքները խոչընդոտում են», - նշեց նա:
Միևնույն ժամանակ պատգամավորը նկատեց, որ որոշակի հստակեցում պահանջող հարցեր կան օրենքում, որոնք կարող են լուծվել ենթաօրենսդրական ակտերի, կառավարման առանձին որոշումների միջոցով:
«Բնական է, որ այս փոփոխությունները նոր իրադրություն են առաջացնում և մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչպես ծրագրեն իրենց ապագան», - ասաց Ռուստամյանը:
Վերջինս նաև ընդգծեց, որ քննարկումները թույլ կտան ուսանողներին ավելի խորքային ծանոթանալ փոփոխությունների հետ, և արդյունքում ուսանողները կտեսնեն, որ եթե ծառայությունը պարտադիր է սահմանադրորեն, ապա պետք է պարտադիր լինի բոլորի համար:
Արմեն Ռուստամյանը նաև նշեց, որ տարկետման նախկին տարբերակին վերադառնալը ճիշտ չի լինի: «Եթե արգելվում է, պետք է արգելվի բոլորին, եթե թույլատրվում է, ապա թույլատրվում է բոլորին: Տեսել ենք այդ կիսատ-պռատ լուծումները, որ դուռ են բացում կոռուպցիայի համար և իրական պատկերը չեն տալիս նրանց, ովքեր ուզում են գիտնական դառնալ, ուսումը շարունակել: Եվ փաստը ցույց է տալիս, որ նրանց 90 %-ը գնացել է այդ ուղղությամբ միայն մի նպատակով` խուսափել ծառայությունից: Սա իրականություն է», - նշեց նա: