21/11/2017 16:30
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենը՝ ՀՀ դատախազությունում. համագործակցությունը սերտացնելու հարցեր են քննարկվել
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։
Արթուր Դավթյանը կարևորել է Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրի այցը հատկապես սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ դատական և դատախազական համակարգերում ընթացող օրենսդրական լուրջ բարեփոխումների ներկայիս շրջանում և վստահություն հայտնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ հետագա համագործակցությունը կընդգրկի նաև դրանց կենսագործմանն աջակցությունը:
Ներկայացվել է վերջին շրջանում քաղաքացիների հիմնարար, կոնվենցիոնալ իրավունքների պաշտպանության քրեադատավարական մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից իրականացված աշխատանքները:
ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենն իր գոհունակությունն է հայտնել իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն ինչպես դատախազության գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում Հայաստանի հետագա ձեռքբերումներին: