21/11/2017 22:31
Զինծառայության նոր օրենքի հետկանչի խնդիր օրակարգում չկա, բայց այն կարող է բարեփոխվել. Շարմազանով
«Զինապարտության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճելի կետերը քննարկելու համար նոյեմբերի 22-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը թե ուսանողները, թե կառավարությունը և թե Ազգային ժողովը կառուցողական են տրամադրված, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ես չեմ կարծում, թե բոլոր հարցերը կարող են միանգամից լուծում ստանալ, մանավանդ, որ օրենքն արդեն ընդունվել է», - ասաց նա:
Է.Շարմազանովն ընդգծեց՝ օրակարգում օրենքի հետկանչման խնդիր չկա:
«Մենք պետք է միացյալ ուժերով արաձանագրենք, թե ինչ են առաջարկում կողմերը, այնուհետև, կարծում եմ, որ քննարկումները պետք է շարունակել կառավարության մեր գործընկերների հետ, որովհետև կառավարության որոշումները պետք է ընդունվեն։ Եթե տեսնենք, որ կառավարության որոշումներից հետո ուսանողների մտահոգությորնները չեն փարատվել կամ կա այլ կարծիք, բոլոր օրենքները նրա համար են, որ բարեփոխվեն», - ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ «մենք չենք ասում, որ օրենքը կա, էսօր կարող է չբարեփոխվի, մեկ կամ երկու տարի հետո բարեփոխվեն»:
«Եթե Սահմանադրությունն է բարեփոխվում, օրենքներն էլ կարող են բարեփոխվել», - հավելեց նա:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ քննարկումն ուղիղ եթերում կլինի, որպեսզի ավելորդ մեկնաբանությունների տեղիք չտրվի, բայց նիստը լինելու է դռնփակ:
«Հանդիպումից հետո արդեն կորոշեք ինչպես լուսաբանել», - ասաց նա։
Շաբաթ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հանդիպել էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ և որոշել քննարկման ձևաչափը։
Հանդիպմանը լինելու են ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԱԺ կրթական հանձաժողովից լինելու է Վարդան Բոստանջյանը, սոցիալական հանձաժողովից՝ Հակոբ Հակոբյանը, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը երկրում չի լինելու, նրան կփոխարինի այլ մարդ:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամները դասադուլից բացի հացադուլ էին հայտարարել, ովքեր փակվել էին ԵՊՀ լսարաններից մեկում: Նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել էր և հացադուլը շարունակում էին 4 ուսանող:
Նոյեմբերի 15-ին, սակայն, ուսանողներն ու խորհրդարանը պայմանավորվել էին կլոր սեղան անցկացնել տարկետման հարցը քննարկելու համար։ Հանդիպումից հետո հայտարարվեց, որ ուսանողները դադարեցնում են դասադուլն ու հացադուլը։
Նշենք նաև, որ 120 գիտաշխատող և դասախոս հանդես է եկել հայտարարությամբ` սատարելով ուսանողների շարժմանը: