21/11/2017 14:23
Փոփոխությունների հույս միշտ էլ կա. Կորյուն Նահապետյանը՝ ուսանողների հետ սպասվող կլոր սեղան-քննարկման մասին
Փոփոխությունների հույս միշտ էլ կա, ԱԺ կողմից լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն՝ անդրադառնալով վաղվանից խորհրդարանում մեկնարկող տարկետման վերացման հարցը քննարկելու նպատակով կազմակերպվելիք կլոր սեղան-քննարկմանը:
«Այս փուլում քննարկումներն ընթանալու են բոլորովին այլ ձևաչափով», - ասաց Նահապետյանը:
Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ ինքն օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ հանդիպումներ է ունեցել ուսանողների հետ և որևէ խնդիր չի տեսնում նրանց հետ հարցը քննարկելու համար:
«Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, մենք միշտ պատրաստակամ ենք եղել հանդիպելու, քննարկելու հասարակության տարբեր շերտերի հետ խնդրահարույց տարբեր հարցեր: Սա նույնպես վկայում է այն մասին, որ ԱԺ-ն պատրաստակամ է քննարկման առարկա դարձնել նաև զինվորական ծառայության այս օրենսդրական կարգավորումների վերաբերյալ խնդիրները», - ասաց պատգամավորը:
Վերջինս ընդգծեց, որ թեև օրենքն ընդունել է ԱԺ-ն, բայց նախագահը դեռևս չի ստորագրել:
«Այս պահին չենք խոսում օրենքի մասին, դեռևս այն ԱԺ-ն է ընդունել, իսկ նախագահը դեռ չի ստորագրել: Սպասենք հանրապետության նախագահի դիրքորոշմանը, դրանից հետո կանդրադառնանք այդ հարցիին: Այս փուլում ԱԺ-ն որևէ կերպ չի կարող անդրադառնալ դեռևս չստորագրված օրենքին: ԱԺ-ն երկու ընթերցմամբ քննարկել է նախագիծը և ընդունել է», - հավելեց նա: