21/11/2017 14:37
Ես 25 տարեկան որդի չունեմ, ակնհայտ սուտ է. Կորյուն Նահապետյանը՝ որդու չծառայած լինելու մասին
Ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածվում, այնպիսի տեղեկություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն լուրերին, որ որդին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:
«Եթե ձեզ որևէ տեղեկություն հետաքրքիր է, ապա պետք է նախօրոք ճշտել և ստանալ պարզաբանում», - ասաց Կորյուն Նահապետյանը:
Դիտարկմանը, թե արդյոք նրա որդին ծառայել է բանակում, Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ մամուլը գրում է, թե որդին 25 տարեկան է, ինչն արդեն փաստում է՝ լուրերը ստահոդ են:
«Ես 25 տարեկան որդի չունեմ, ակնհայտ սուտ է: Իմ որդին 15 տարեկան է», - ասաց նա:
Ճշտող հարցին, թե արդյոք նրա որդին կծառայի երբ ժամանակը գա, Նահապետյանը հորդորեց ժամանակից առաջ չընկնել ու սպասել: