21/11/2017 13:41
Անհեթեթություն է պնդել, որ Վանաձորի ավագանին անօրինական է գործել. Մամիկոն Ասլանյան
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում է, որ ավագանու նիստերը հակասահմանադրական չեն ճանաչվել:
«Նիստերը ճանաչվել են օրինական, կայացված նիստեր: Հակասահմանադրական ճանաչվել է «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 63 հոդվածի 3-րդ կետը: Դրա հիման վրա կայացված նիստերը Ազգային ժողովի կողմից մինչև մարտի 31-ը այդ հոդվածը նոր տեսքին բերելուց հետո միայն մեր ընդունած որոշումները կդադարեն լինել օրինական», - այսօր Վանաձորի ավագանու արտահերթ նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց Մամիկոն Ասլանյանը:
Վանաձորի քաղաքապետի խոսքով՝ Սահմանադրական դատարանը մինչև մարտի 31-ը ժամանակ է տվել Ազգային ժողովին, որ համապատասխան օրենքում կատարվեն փոփոխություններ:
«Մենք մեկ տարի առաջ չէինք կարող կանխագուշակել, որ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը ճանաչվելու է հակասահմանադրական», - հայտարարեց Ասլանյանը: Նա, ակնարկելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, նկատեց, որ այդ օրենքի հակասահմանադրականության մասին բարձրաձայնող պատգամավորները նախորդ ԱԺ-ում անտեսել են այդ հարցը օրենքի քննարկման ժամանակ:
«Անհեթեթություն է պնդել, որ Վանաձորի ավագանին անօրինական է գործել: Չի կարելի թմբկահարել, աղաղակել, մարդկանց մոլորության մեջ գցել», - հայտարարեց Ասլանյանը:
Հարցին, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմելու է կառավարություն՝ լուծարելու Վանաձորի ավագանին, Ասլանյանը պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է: Իրանք ամեն օր մի տեղ դիմում են, բացի Վանաձորի ավագանում աշխատելուց: Էսօր Վանաձորը խնդիր ունի աշխատելու»:
Նա հույս հայտնեց, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունը չի շարունակի բոյկոտը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ այսօր տեղի է ունեցել Վանաձորի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում Հայկական Վերածնունդ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձորի փոխքաղաքապետ՝ ավելի վաղ ՀՀԿ-ՀՎԿ համագործակցության շրջանականերում: