21/11/2017 12:38
Հայաստանը շարունակում է հայտարարել՝ պատրաստ է բանակցությունների՝ հասնելու ԼՂ խնդրի կարգավորմանը. Նալբանդյան (Տեսանյութ)
Խնդիրն այն է, որ գործը պետք է խոսքերին համընկնի, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե իրենք միտված են հնարավորինս արագ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
Նալբանդյանն, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւմ է խնդիրը, եթե Հայաստանն էլ նույն կերպ միտված է Ղարաբաղի կոնֆլիկտը լուծելուն, ընդգծեց՝ խնդիրը նրանում է, որ չպետք է շեղվել խոսքերից։
«Ես ձեզ հիշեցնեմ նմանօրինակ մի քանի փուլեր այս ամբողջ գործընթացից, որն ուղղված է խնդրի կարգավորմանը։ Կազանի նախօրեին մենք արտգործնախարարների մակարդակով հանդիպեցինք երեք-չորս անգամ, որպեսզի համաձայնեցնենք հիմնական սկզբունքների տեքստը, որը հետագայում պետք է ներկայացվեր նախագահներին», - ասաց նախարար Նալբանդյանը։
Նա ընդգծեց՝ գագաթաժողովից 10 օր առաջ ստացվեց ուղեկցող նամակ՝ ներառյալ տեքստերը, որտեղ հստակ ամփոված էր՝ ինչպես պայամանվորվել էին՝ տեքսետրի մեջ փոփոխություններ չի մտցվելու։
«Ադրբեջանը եկավ իրականում 12 փոփոխություններով, այսինքն՝ մեկ քայլ նահանջեցին համաձայնություններից ու սա առաջին անգամը չէր, Կազանից առաջ դա եղել է և՛ Սոչիում, և՛ Աստրախանում, և՛ Սանկտ Պետերբուրգում, դա եղել է և Կազանից հետո», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտեց՝ Հայաստանը, Ղարաբաղը, Ադրբեջանը, առաջին հերթին՝ Հայաստանը, կրակի դադարեցման մասին ստորագրել էին երեք համաձայնագիր։
«Եվ ի՞նչ, Ադբրեջանն, ամեն ճիշտ ու սուտ գործածելով, փորձում է հետ նահանջել այդ համաձայնությունից, այսինքն՝ սա առաջին դեպքը չէ, ուստի ես կկրկնեմ՝ լավ կլիներ, իհարկե, եթե խոսքերը համապատասխանեին գործերին, մանավանդ, երբ բառացիորեն Ժնևում խոսում էինք այն մասին, որ պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար, իսկ Ադրբեջանը դա չի անում», - նշեց Է. Նալբանդյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանը հայտարարել ու շարունակում է հայտարարել, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հասնելու կոնֆլիկտի կարգավորմանը։
ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, ու ցանկությունները կսկսեն մարմնավորել գործերում։
«Մենք երբևէ հետ չենք գնացել համաձայնություններից ու հետայսու էլ համանախագող երկրների հետ շարունակելու ենք ջանքերը՝ ուղղված բացառապես խնդրի խաղաղ կարգավորմանը», - նշեց Է. Նալբանդյանը։