21/11/2017 17:10
ՊԵԿ-ն անում է այնքան, ինչքան այլ մարմինները միասին չեն անում. Տիգրան Հովհաննիսյան
Օրեր առաջ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը բարձրաձայնել էր, թե Բագրատաշենի մաքսակետում հարյուրավոր ավտոմեքենաների կուտակումների պատճառով ավտոներկրողները հայտնվել են «կատաստրոֆիկ» վիճակում։
Արձագանքելով Տ. Հովհաննիսյանի բարձրացրած խնդրին, ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում էր ներկայացրել` նշելով, որ վերոնշյալ օրը Բագրատաշենի անցակետում մեքենաների կուտակումները պայմանավորված են եղել տեխնիկական խնդիրներով։
Aysor.am-ի հետ զրույցում Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ խնդիրը դրական լուծում է ստացել։
«Անկեղծ ասած, դա այս տարվա ընթացքում, որքան հիշում եմ, առաջին դեպքն էր, երբ կուտակում էր առաջացել, այն էլ, ինչպես պարզեցինք, խնդիրը պայմանավորված է եղել այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության փոխանակման համակարգերի բնականոն աշխատանքի խափանմամբ, սակայն ՊԵԿ ղեկավարությունը արդյունավետ լուծում տվեց հարցին։ Այդ օրվանից հետո բացարձակ, որևէ խնդիր ու կուտակում չի եղել», - ասաց Տիգրան Հովհաննիսյանը։
Նա նշեց նաև, որ ավտոներկրողների համար Պետական եկամուտների կոմիտեն բավական մեծ գործ է անում, մասնավորապես, էականորեն նվազել են բրոքերային կազմակերպությունների ծառայությունների սակագները, Բագրատաշենի մաքսակետում առանձնացված ուղի է հատկացվել ավտոներկրողներին:
«ՊԵԿ-ն անում է այնքան, ինչքան այլ մարմինները միասին չեն անում», - ամփոփեց Տիգրան Հովհաննիսյանը։