21/11/2017 09:26
Վարդան Բոստանջյանն արտառոց բան տեսնում է Վանաձորում ՀՎԿ-ի դիրքորոշման մեջ
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարծում է, որ Վանաձորի ավագանիում Հանրապետական և «Հայկական Վերածնունդ» խմբակցությունների միջև համաձայնությունը քաղաքական շփումների արդյունք է։
«Քաղաքական շփումների պարագայում, փաստորեն, Հայկական Վերածնունդը և Հանրապետականը եկան ընդհանուր հայտարարի։
Հասկանալի է, որ քաղաքական առումով իրենք համաձայնության են եկել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Բոստանջյանը։
Հարցին, թե որևէ արտառոց բան չի՞ տեսնում «Հայկական Վերածնունդ» խմբակցության դիրքորոշման մեջ, այն դեպքում, որ վերջիններն իրենց հայտարարել էին ընդդիմադիր, Բոստանջյանը պատասխանեց. «Տեսնում եմ, բայց չեմ ուզում ոչ մի բան ասել»։ Այդ հարցի շուրջ այլ հարցերի Բոստանջյանը հրաժարվեց պատասխանել։
Հիշեցնենք՝ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը, որի նախագահը Արթուր Բաղդասարյանն է, Վանաձորի ավագանու շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրել Հանրապետական կուսակցության հետ։ Ըստ համաձայնագրի՝ ՀՎԿ-ն ներկայացնելու է Վանաձորի փոխքաղաքապետին։ Այս խմբակցության ղեկավարը Արկադի Փելեշյանն է։