21/11/2017 22:18
«Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությունը դիմել է հայկական կողմին և ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական
Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ «Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որում ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի գնահատականին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հեռուստաեթերի ընթացքում ՀՀԿ-ի ու Նժդեհի մասին, մեղմ ասած, ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից:
«Նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին ու պետությունն իր խողովակներով իր կարծիքը արտահայտել է», - ասաց նա:
«Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդավար Վերոնիկա Կրաշենիննիկովան Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) զինանշանը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ: Նա նշել է, որ Հայաստանը, անսպասելիորեն Եվրամիության կազմ է պատրաստվում մտնել:
Հիշեցնենք, որ ակնկալվում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրել նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում: