21/11/2017 22:10
Հայաստանը հստակեցրել է դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ մեսիջ ուղղեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման երեք սկզբունքները պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցոթւյան խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այսինքն՝ Լավրովը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը անքակտելի սկզբունք է ու առանց դա հաշվի առնելու խնդրի լուծում չի կարող լինել», - ասաց նա:
Է. Շարմազանովը նշեց՝ չնայած ռուս-ամերիկյան հարաբերությունների ոչ հարթ լինելուն՝ ղարաբաղյան հարցում այս երկրներն ունեն նույն դիրքորոշումը:
«Սա շատ կարևոր է: Եվ բոլոր այն հեքիաթները, որ մինչև հանդիպումները գրվում էր ադրբեջանական մամուլում, մենք տեսանք, որ հօդս ցնդեցին: Եվ եթե գումարենք պարոն Նալբանդյանի մեսիջները, որ պետք է իրականացնել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի, Ժնևի պայմանավորվածությունները, գալիս են վերահաստատելու, որ հայկական կողմը ոչ միայն իր դիրքորոշումը չի փոխել, այլ հստակեցրել է դրանք: Որևէ սկզբունք չի կարող մյուսի նկատմամբ ունենալ առաջնայնություն: Սա հստակ ուղերձ է Ադրբեջանի ղեկավարությանը», - ընդգծեց ՀՀԿ խոսնակը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում պետք է իրատես լինել ու գիտակցել, որ այս խնդիրը չի կարող շուտափույթ լուծում ունենալ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումը:
Անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե «Ադրբեջանը կարող է լինել ԵՏՄ-ում, իրենք դրան դեմ չեն, բայց ոչ մեկին չեն կարող պարտադրել», Է. Շարմազանովն ասաց. «Երբ նման խնդիր լինի ԵՏՄ-ում, Հայաստանն իր տեսակետը կհայտնի»: