23/11/2017 11:30
Հատուկ ուշադրություն «Օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամ»-ին. վարչապետի տպավորությունները լավը չեն
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ հանձնարարական տվեց:
Նա հիշեցրեց, որ 2016 թվականի մարտ ամսին կառավարության կողմից հիմնադրվել է «Օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամ»:
«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներայացնելու հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել», - ասաց նա:
Վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում՝ ներկայացնել հստակ հիմնավորումներ:
Նա հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի 2018 թվականի տարեկան գործողությունների շրջանակում կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն՝ հաշվի առնելով կառավարության կողմից հաստատված միջոցառումները և գերակա խնդիրները:
«Հատուկ ուշադրություն դարձրեք սրան, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամը ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ: Քանի որ պատվիրատուն մենք ենք, ստեղծել ենք մի օղակ, որը պետք է բոլոր այդ ռիսկերը գնահատի, համապատասխան վերլուծություն տա և մենք որոշենք՝ ճիշտ ուղղությամբ ենք, թե ոչ», - ասաց նա: