24/11/2017 14:40
2018-ից անձը կարող է վարկառու կամ համավարկառու լինել միայն մեկ անգամ. Փոխնախարարը բացատրել է հիփոթեքով բնակարան ձեռք բերելու նոր կարգը
Հարկային օրենսգրքում արված եկամտային հարկի մասին փոփոխությունները, որոնց համաձայն հիփոտեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու նոր կարգ է սահմանվում, հասարակության լայն շրջանակներում որոշ տարընթերցումներ էր առաջացրել:
Aysor.am-ի խնդրանքով ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը նոր փոփոխությունների մասին որոշ հստակեցումներ է արել:
Նախ, նրա խոսքով, «խելամիտ չափ» է որոշվել նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելու համար՝ մինչև 55 մլն դրամ և բացի այդ դրվել է եկամտային հարկի սահմանափակում:
«Հիմա մենք ասում ենք տվյալ գործարքի համար առավելագույն եկամտային հարկի փոխհատուցման գումարի չափը սահմանվում է եռամսյակի համար 1,5 մլն դրամ: Որպեսզի հասկանանք, թե դա ինչ է նշանակում, պատկերացրեք 55 մլն-անոց մի բնակարան ձեռք են բերում մեկ վարկառու և մեկ համավարկառու, այսինքն՝ ամիսը 500 հազար դրամ յուրաքանչյուրի համար: Այսինքն՝ եթե երկու անձը (վարկառուն և համավարկառուն) միասին ունեն 1,5-1,7 մլն դրամ ամսական եկամուտ, երկուսով կարող են ձեռք բերել այս բնակարանը և որևէ խնդիր իրենց մոտ չի առաջանա», - հստակեցրեց Անանյանը:
Փոխնախարարի խոսքով՝ այս սահմանափակումը որևէ խնդիր չի առաջացնում միջին գնողունակություն ունեցող անձանց համար:
Կառավարության պաշտոնյան նշեց, որ սահմանափակում դրվել է այն բանի համար, որ մեկ անձը մի քանի բնակարան չգնի. «Մենք ունենք դեպք, երբ մեկ անձը ձեռք է բերել 4 բնակարան և մոտավորապես ամսական 3 մլն եկամտահարկի վերադարձ է ստանում պետբյուջեից: Մենք այսպես ենք մտածում՝ եթե մենք փորձում ենք խթանել շինարարության ոլորտը, դա մեկ խնդիր է, եթե մենք ուզում ենք սոցիալական հարց լուծել, դա այլ խնդիր է: Տնտեսության մեջ շինարարության ոլորտը պետության առաջնահերթությունների մեջ առավելագույն եռյակում չէ, որ պետությունը կուզեր պետական բյուջեից կապիտալ ներդրումներ կատարել եկամտային հարկի վերադարձի տեսքով:
Հետևաբար, եթե տնտեսության աշխուժացման հետ կապված կապիտալ ներդրումների հարցը չէ դոմինանտը, ապա մենք պետք է նայենք սոցիալական բաղադրիչը: Եթե հարցին նայում ենք այդ տեսանկյունից, ապա մենք պետք է ոչ թե հարուստներին ֆինանսնավորենք, որ թարմացնեն իրենց բնակարանների խումբը, այլ մենք պետք է հնարավորություն տանք թիրախային խմբին պատկանող անձին լուծել իր սոցիալական խնդիրը և հասցեականությունը տանում ենք դեպի այդ անձը»:
Անանյանը նաև արձագանքեց նախարարի հայտարարությունից հետո առաջացած այն մտահոգություններին, որ, ասենք, բնակարան ունեցող և հայրական տանը հաշվառում ունեցած անձը չի կարող օգտվել այս հնարավորությունից.
«Ոչ, նման որևէ նպատակադրում չենք ունեցել: Մենք ընդամենը ասում ենք՝ հիփոթեքային վարկավորման այս համակարգից, երբ պետությունը հանդես է գալիս եկամտային հարկի փոխհատուցման գործառույթով, այս համակարգից անձը 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջաններում կարող է օգտվել միայն մեկ անգամ թե՛ որպես համավարկառու, թե՛ որպես վարկառու: Դա նշանակում է, որ եթե անձը ունի բնակարաններ, որից մեկը ժառանգել է պապից, մեկը՝ տատից, մեկն էլ ունի ու բնակվում է հորական բնակարանում, ապա ոչ մեկ չի արգելում, որ ինքը 2018 թվականի հունվարի 1-ից մեկ բնակարան էլ ձեռք բերի այս ծրագրով: Որովհետև միգուցե նա ունի 4 որդի և չորրորդ որդու բնակարանային ապահովման հարցն է լուծում: Սա էլ է սոցիալական խնդիր: Խնդիրն այն չի, թե քանի բնակարան ունի, այլ խնդիրն այն է, թե քանի անգամ է նա օգտվել այս համակարգից»:
Նրա խոսքով, եթե անձը, որպես համավարկառու հանդես է գալիս եղբոր համար բնակարան գնելու նպատակով, ապա դա իր ռիսկային քայլն է և նա եղբոր համար սոցիալական խնդիր է լուծում՝ բնակարան ձեռք բերելով: Այս քայլի արդյունքում նա կարող է զրկել իրեն՝ հետագայում հանդես գալ որպես վարկառու կամ համավարկառու:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ կատարված փոփոխությունը հետադարձ ուժ չունի, հետևաբար մինչև 2018 թվականը վարկառու կամ համավարկառու հանդես եկած անձինք կարող են ազատորեն օգտվել այս համակարգից:
«2018 թվականի հունվարի 1-ից հետո համակարգից կարող են օգտվել միայն մեկ անգամ, եթե հիմա նրանք համավարկառու են և օգտվում են այս համակարգում, ապա 2018-ի հունվարի 1-ից հետո ևս մեկ անգամ կարող են հանդես գալ, թե համավարկառու, թե վարկառու: Սա բխում է այն տրամաբանությունից, որ մենք որպես իրավական պետություն, իրավունք չունենք սահմանափակող իրավական նորմը հետադարձ կիրառել», - հավելեց Դավիթ Անանյանը: