24/11/2017 15:25
Լեհաստանի Սեյմը հատուկ բանաձև է ընդունել Լեհաստանի հայ համայնքի 650-ամյա հոբելյանի առթիվ
Նոյեմբերի 24-ին Լեհաստանի Հանրապետության Սեյմի 52-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն քվեարկությամբ (435 կողմ) ընդունվեց «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնության 650-ամյա տարեդարձի մասին» վերնագրով բանաձև, որով սահմանվում է, որ 2017 թվականի ընթացքում Լեհաստանի հայ համայնքը նշում է Կազիմիր Մեծ թագավորի կողմից շնորհված արտոնության 650-ամյակը, որով իրավունք էր տրվել Լվովում հիմնել Հայ Առաքելական եկեղեցու թեմ: Բանաձևում նշվում է, որ դարերի ընթացքում, ինչպես նաև հիմա, լեհերի և հայերի միջև փոխհարաբերությունները կարող են օրինակ ծառայել այլ պետությունների և ժողովուրդների համար:
Լեհաստանի Սեյմի բանաձևում նաև գնահատական է տրվում Լեհաստանի պատմության մեջ հայերի դերակատարությանը և առանձնահատուկ հարգանք է արտահայտվում նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն Լեհաստանի անկախության, այն նվիրյալ քաղաքացիներին, ովքեր ապրել և աշխատել են Լեհաստանի համար:
Լեհաստանի Սեյմի բանաձևում վստահություն է հայտնվում, որ հետագայում ևս լեհերի և հայերի միջև եղբայրական բարեկամությունը պատմության նոր գեղեցիկ էջեր կբացի:
Հիշեցնենք, որ բանաձևի ընդունման կարևորության մասին Aysor.am-ը զրուցել էր Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ: