24/11/2017 11:04
Երբեք կես բառ անգամ չեմ լսել Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով. Սերժ Սարգսյան
Շարքային քաղաքացին ժամանակի ընթացքում կզգա ՀՀ-ԵՄ համաձայանգրի արդյունքները, որովհետև Հայաստանն ի վիճակի է արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ բարեփոխումները, այս մասին երեկ Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովից հետո «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կստանա շարքային քաղաքացին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից:
«Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք, թե վաղվա գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի», - ասել է նախագահը։
Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է այն հարցին, թե տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերում ինչպիսի՞ն կլինի համաձայանգրի դերը և արդյոք կնպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը՝ որպես անվտանգության ապահովման այլընտրանքային ուղղություն:
«Այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց, իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում», - ասել է նախագահն՝ ընդգծելով, որ սա Հայաստանի համար մեծ ձեռքբերում է:
Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է ՌԴ դիրքորոշմանը ԵՄ-ի հետ ակնկալվող համաձայնագրի ստորագրման շուրջ և ընդգծել, որ ՌԴ նախագահից ոչ մի քննադատություն ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցության վերաբերյալ չի լսել:
«Արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով», - նշել է նախագահը։