25/11/2017 13:04
Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն դեկտեմբերի 11-ից. առաջինը կպատվաստվեն 2004-ի հուլիսից հետո ծնված աղջիկները
Կնոջ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող պապիլոմավիրուսի վարակի դեմ պատվաստումը Հայաստանում իրականացվելու է դեկտեմբերի 11-ից «Գարդասիլ» կոչվող քառավալենտ պատվաստանյութով, այսօր Ծաղկաձորում իմունականխարգելման գործընթացի իրազեկման դասընթացի ժամանակ տեղեկացրեց ՀՀ Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Նրա խոսքով, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջարկում է 9-13 տարեկան աղջիկներին երկու դեղաչափ պատվաստում՝ երկու դեղաչափերի միջև 6 ամիս ինտերվալով։
«Գարդասիլ» պատվաստանյութը Հայաստանը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք է բերել «Գավի» հիմնադրամի օգնությամբ։ Առաջին երկու տարին պատվաստումները Հայաստանում իրականացվելու են անվճար։
Դեկտեմբերի 11-ից պատվաստվելու են 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկները։ Չի բացառվում, որ հետագայում ավելի բարձր տարիքի աղջիկները ևս պատվաստվեն։ Երեխաները պատվաստվելու են թևից։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ նախարարության աշխատողների երեխաները կարող են պատվաստվել առաջինը. «Մենք երբեք չենք հրաժարվել, որ կպատվաստենք առաջինը մեր երեխաներին։ Դուք դա կտեսնեք»։
«Եթե պատվաստումն իրականացվում է, չի նշանակում, որ այլևս սքրինինգային գործընթացներ չպետք է իրակաացվեն։ Այդ գործընթացները պետք է միմյանց զուգահեռ կատարվեն», - ասաց Սահակյանը։
Պատվաստումն իրականացվելու է պատվաստումների ազգային օրացույցի համաձայն, բոլոր բուժկենտրոններում։ «Երբ պատվաստումների մասսայական միջոցառում է իրականացվում և շատ մարդիկ են ընդգրկվում այդ գործընթացում, վիրուսի շրջանառության վրա ենք փորձում ազդել, վիրուսի շրջանառությունը նվազում է ու դրանից օգտվում են նաև չպատվաստված խմբերը։ Նախադեպ եղել է 2007-ին կարմրուկի պատվաստման կամպանիայի ժամանակ», - ներկայացրեց Սահակյանը։
Ինչպես բոլոր պատվաստումների, այս դեպքում ևս կան հակացուցումներ։ Գայանե Սահակյանի խոսքով, եթե առաջին դեղաչափի ընդունման դեպքում երեխայի մոտ առաջանում է ծանր ռեակցիա, ապա հաջորդ դեղաչափը չի իրականացվում։
«Եթե աղջկա մոտ կան գանգատներ, ապա տվյալ պահին աղջիկը չի պատվաստվում, հետաձգվում է մինչև առողջական վիճակի նորմալացումը։ Եթե խրոնիկ հիվանդություններ կան աղջիկների մոտ, շատ ուշադիր պետք է լինեն բժիշկները ու պատվաստումներ չիրականացնեն», - ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ բժիշկների վերապատրաստումների ժամանակ հստակ ցուցումներ են տալիս մասնագետներին։
Պատվաստումներից հետո 90 տոկոսի մոտ կարող են լինել ցավային սինդրոմներ, բայց դա, ըստ Սահակյանի, կարճ կարող է տևել և կարող է լինել տեղային՝ ներարկման տեղում կամ լինել ջերմություն, գլխացավ, բայց՝ կարճատև։
«Ռեակցիաներից հիմնականում անհանգստացնողը անաֆելաքսիան է, ալերգիան: 1,7 միլիոն պատվաստվածից 1-ի մոտ կարող է նման ռեակցիա առաջանա։ Շատ լավ գիտեք, որ դա կոնկրետ պատվաստանյութի ազդեցությամբ պայմանավորված չէ. Ցանկացած միջամտությունից, մեղվի խայթոցից կամ ցանկացած միջամտությունից այն կարող է լինել», - նկատեց Սահակյանը։
Պապիլոմավիրուս վարակի դեմ պատվաստումներ իրականացվում են աշխարհի 72 երկրներում։
Վիճակագրական տվյալների համաձայն, յուրաքանչյուր տարի Հայաստանում 100 հազար կնոջից արգանդի վզկի քաղցկեղ ախտորոշվում է 15-ի մոտ, 8-ը մահանում են այդ հիվանդության հետևանքով։
Ֆինլանդիան այդ հիվանդությունից ամենացածր մահացություն ունեցող երկիրն է՝ 100 հազար կնոջից 1-ն է մահանում, սակայն այդ երկրում պատվաստումներ ու սքրինինգ է իրականացվում։