28/11/2017 17:17
Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների. Արմեն Աշոտյան
Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների, այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից նախաձեռնած երկկողմ կլոր սեղան-կոնսուլտացիա հերթական փուլից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների կամ դաշնակցային հարաբերություների հաշվին: Ռուսաստանը ուժեղ է, որքան ուժեղ են նրա դաշնակիցները: Այնպես որ՝ ուժեղ Հայաստանը, զարգացող Հայաստանն իր պոտենցիալով կարող է ավելի օգտակար լինել հայ-ռուսական հարաբերություններին ու անվտանգության ապահովմանը», - նշեց նա:
Անդրադառնալով համաձայնագրի ստորագրումից հետո ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոյի հայտարարությանը, թե հայերը ռուսների թշնամիներն են, Արմեն Աշոտյան ասաց, որ թե Ռուսաստանում, թե Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր հովանավորվում են:
«Ես մանրակրկիտ հետևում եմ լրահոսին և կարող եմ ասել, որ, որպես կանոն, նրանք, ովքեր Հայաստանում հակառուսական, իսկ Ռուսաստանում՝ հակահայկական տրամադրություններ են ստեղծում, նրանց հետևում կան հովանավորյալներ: Ես չէի ցանկանա, որ մենք որոշ մարդկանց մտքեր ծավալենք հայ-ռուսական հարաբերությունների ողջ սպեկտորի վրա», - նշեց Ա. Աշոտյանը։