29/11/2017 16:29
Սրտի ստենտավորման գները Հայաստանում կնվազեն այնպես, որ Վրաստանից կգան այստեղ վիրահատվելու. նախարար (Տեսանյութ)
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի աշխատասենյակի պատերից մեկը նախարարի երկարաժամկետ ծրագրերն են «ծածկել». պատին ամբողջ երկայնքով թղթեր են փակցված, որոնց վրա գծագրված են նախարարության անելիքներն՝ ըստ տարբեր ոլորտների:
Այսօր փոքրաթիվ լրագրողների հետ հանդիպմանը նախարարը բացատրեց, թե ինչու է այդպես աշխատում. «Իմ բիզնես փորձառությունը ցույց տվեց, որ մարդկանց հետ պետք է խոսել ժամկետներով և կոնկրետ գրած խնդիրներով: Եթե իմ՝ ապահովագրական ընկերության տնօրեն լինելու ժամանակ բավական էր իմ բլոկնոտը, ապա այստեղ պետք են ցուցադրական ֆայլեր, որ մարդիկ տեսնեն, որ ամեն ինչ հաշվառված է, իրենք իրենց օրը գալիս են, զեկուցում», - ասաց նախարարը:
Aysor.am-ի հարցին, թե եղե՞լ են պատժված պաշտոնյաներ, ովքեր ժամանակին չեն կատարել իրենց գործը, նախարարը պատասխանեց. «Գիտեք, պատժվածներ եղել են: Երբ մարդը գալիս է, բերանը բացում է, խոսքեր են գալիս, բայց խոսքերի հետևում միտք չկա, գործ չկա, այդ ժամանակ, ցավոք սրտի, մեկ-մեկ լինում են պատժվածներ»:
Լևոն Ալթունյանը լրագրողներին ներկայացրեց Առողջապահության նախարարության առաջիկա անելիքները, որոնցից է նաև Հայաստանում պետպատվերի շրջանակներում սրտի ստենտավորման գնի նվազեցումը:
«Սրտի ստենտավորման գները կնվազեն կենտրոնացված գնումների հաշվին: Ստենտը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ձեռք է բերվում 250-400 եվրո գնով, մեզ հնարավորություն կընձեռվի շատ ավելի էժան ձեռք բերել ստենտը», - ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ կենտրոնացված գնումների դեպքում ստենտը ձեռք կբերվի 3 մատակարարից, որոնք աշխարհում հայտնի առաջատար ընկերություններ են և այսօրվա դրությամբ ապահովում են շուկայի մոտ 85 տոկոսը:
«Ոչ մի բան չի փոխվի կյանքում: Ավելին ասեմ՝ բոլորը կարող են համոզված լինել, որ բոլոր ստենտերը Հայաստանի տարածքում հենց այդ երեք խոշորագույն արտադրողների ստենտերն են և ճամպրուկներով դրսից չեն բեվում», - ասաց նախարարը:
Ըստ նոր ծրագրի՝ նախատեսվում է, որ դեղապատ ստենտի գինը եթե այսօր 1 մլն 80 հազար դրամ է, ապա նախատեսվում է այն դարձնել 700 հազար դրամ:
«Դա ենթադրում է բուժհիմնարկի ամորտիզացիա՝ 5 տարով, այսինքն՝ հինգ տարին մեկ բուժհիմնարկը ամեն ստենտավորումից կստանա գումար, որով բուժհիմնարկը հինգ տարին մեկ կփոխի իր սարքավորումները: Բայց որպեսզի դա իրականանա, բուժհիմնարկը պետք է կատարի մոտավորապես օրական 5 ստենտավորում: Սա նորմալ ցուցանիշ է և այդ սարքավորման տաս ժամվա աշխատանք», - ներկայացրեց Լևոն Ալթունյանը:
Մեր դիտարկմանը, թե սրտի ստենտավորման համար Հայաստանից Վրաստան չեն մեկնի, նախարարն արձագանքեց՝ հույս հայտնելով, որ Վրաստանից և մասնավորապես այդ երկրի հարավային շրջաններից կսկսեն գալ Հայաստան և ստենտավորում անել մեր երկրում:
«Ես կարծում եմ, որ բուժհաստատությունների ղեկավարները և սրտաբանները, որոնք զբաղվում են ստենտավորմամբ, մտավախություն ունեն, թե կտուժի իրենց եկամուտը, ես կարծում եմ, որ միջնաժամկետ հեռանկարում իրենց եկամուտը կավելանա՝ այն անձանց հաշվին, ովքեր այսօր գումար չունեն ստենտավորման, այն անձանց հաշվին, որոնք գնում են Վրաստան ու այնտեղ են ստենտավորում և ինչու չէ՝ Վրաստանի հարավային շրջաններից կգան Հայաստան», - հավելեց պաշտոնյան: