30/11/2017 16:09
Ապաստարանը ապահով կացարան է, որտեղ կարող են տեղավորվել ընտանիքում բռնության ենթարկվածները. ԱԺ-ում մեկնարկել է վիճահարույց օրինագծի քննարկումը
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագիծը հիմնականում երեք նպատակ ունի՝ ընտանիքում բռնության կանխարգելում, տուժածների իրավունքների պաշտպանություն և ընտանիքում համերաշխության վերականգնում, այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ ներկայացնելով վիճահարույց նախագիծը:
Նշենք, որ նախագիծը կից օրենսդրական նախաձեռնությունների փաթեով խորհրդարանում քննարկվում է առաջին անգամ:
«Օրինագծի նախանական տարբերակում համերաշխության մասին խոսք չկար և փոփոխություններ են կատարվել ու վերանգիրը ներկայացնում է առաջարկվող կարգավորումները: Դրականորեն փոփոխված և արդյունավետ լուծումներ սահմանող օրենքի նախագիծ ենք ներկայացրել», - հայտարարեց Քոչարյանը:
Խոսելով օրինագծի բովանդակության մասին՝ փոխնախարարն ասաց, որ ընտանիքում բռնության դեպքի վերաբերյալ ահազանգի դեպքում ոստիկանության ծառայողը նախազգուշացնում է սուբյեկտին, որ ինքը ճիշտ չէ և շարունակելու դեպքում ծանր կլինեն հետևանքները:
«Եթե կա բռնության շարունակման վտանգ, որը կարող է սպառնալ ընտանիքում բռնության զոհերի կյանքին ու առողջությանը, այդ դեպքում ոստիկանության ներկայացուցիչը անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում է կայացնում», - ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ այս միջոցը պետք է կիրառել ծայրահեղ դեպքերում՝ մարդկանց կյանքը և առողջությունը պաշտպանելու համար: Նա նաև ընդգծեց, որ այդպիսի որոշում կարող է կայացնել ոչ թե ոստիկանության ցանկացած ծառայող, այլ՝ ոստիկանությունում ստեղծված մասնագիտացված հատուկ ծառայության աշխծատակիցը, որը պետք է օժտված լինի համապատասխան գիտելիքներով:
Մյուս միջոցը, որը կարող է կիրառվել ընտանեկան բռնության կանխարգելման համար, պաշտպանական որոշումն է, որն ընդունում է միայն դատարանը, միայն տուժողի դիմումի հիման վրա:
Օրենքը նաև սահմանում է տարբեր պետական կառույցների անելիքները այս ոլորտում: Նաև նշվում են այն մասնագիտացված մարմինները, որոնք նույնպես դերակատարում ունեն ընտանիքում բռնության դեմ պայքարում: Դրանք են՝ աջակցության կենտրոններն ու ապաստարանները:
«Ապաստարանների հետ կապված շատ են տարածված ոչ ստույգ պատկերացումները: Պետք չէ վախենալ. ապաստարանը մի ապահով կացարան է, որտեղ ժամանակավորապես կարող են տեղավորվել ընտանիքում բռնության ենթարկվածները, տուժածները, մինչև այդ ընտանիքում բարդ հարցերը կարգավորվեն», - ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ օրինագծի շուրջ հանրային քննարկումները օգնել են, որ հստակեցվեն օրինագծում նախկինում եղած մտահոգությունները: