01/12/2017 15:13
Քննիչներից ամենաշատը դժգոհում են դատախազները և հիմնականում՝ անհիմն. ՔԿ կարգապահական հանձնաժողովի ուսումնասիրությունը (Տեսանյութ)
2014-17 թվականների ընթացքում Հայաստանի քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվել է 124 միջնորդություն, որից 108-ը՝ ՔԿ նախագահի կողմից, 16-ը՝ կարգապահական հանձնաժողովի անդամների, այդ մասին այսօր լրագրողներին ներկայացրեց ՔԿ կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանը։
Ներկայացված 124 միջնորդությունից 120-ը բավարարվել է և հարուցվել կարգապահական վարույթ։ Արդյունում, ըստ Ղամբարյանի, հաստատվել էլ, որ Քննչական կոմիտեի 91 ծառայող իրավախախտում է կատարել, իսկ 31 ծառայող արդարացվել է։
Կարգապահական հանձնաժողովը որոշում է քննիչներին վերաբերող իրավախախտման առկայությունը և արդյոք մեղավոր է քննիչը, թե ոչ։ Եթե պարզվեց, որ քննիչը մեղավոր է, ապա նրան սպասվում է խիստ պատիժներ, որի տեսակներն են՝ կոչումի իջեցում, պաշտոնի դադարեցում, տույժի նշանակում կամ աշխատանքից ազատում։
«Ընդ որում՝ քննչական կոմիտեի նախագահը տույժի տեսակները ինքնուրույն չի որոշում, այլ դիմում է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին, որն էլ տալիս է եզրակացություն, ինչի հիման վրա Քննչական կոմիտեի նախագահը որոշում է տույժի կոնկրետ տեսակը», - ներկայացրեց Ղամբարյանը՝ ընդգծելով, որ լինում են նաև դեպքեր, երբ կարգապահական հանձնաժողովը մերժել է ՔԿ նախագահի դիմումը՝ որևէ քննիչի լիազորությունները դադարեցնելու մասին:
Կարգապահական վարույթ հարուցելու հիմք են համարվում ՔԿ ներքին անվտանգության վարչությունում կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքները։
Ղամբարյանի ներկայացմամբ, Քննչական կոմիտեի կողմից կարգապահական խախտումների վերաբերյալ քննչական կոմիտեի նախագահին միջնորդություններ են ներկայացվել քաղաքացիների, ՔԿ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից, դատախազներից։
Ուշագրավ է, որ քննիչներից այս շարքում ամենաշատը դժգոհում են դատախազները. Ըստ ներկայացված տվյալների, 2014-2017 թվականների ընթացքում ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից քննիչի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու համար ստացվել է ընդհանուր առմամբ 236 միջնորդություն, որից 2014-ին՝ 24 միջնորդություն, 2015-ին՝ 65 միջնորդություն, 2016-ին՝ 50 միջնորդություն, իսկ ահա 2017-ին՝ 97 միջնորդություն: Այս 97 միջնորդությունից հիմնավորված է համարվել միայն 9-ը, այսինքն՝ 3,8 տոկոսը։
«Շատ հաճախ, ցավոք սրտի, լինում են դեպքեր, երբ որևէ դատախազ միջնորդություն է ներկայացնում քննիչի նկատմամբ ծառայողական քննություն անելու և նաև պատասխանատվության ենթարկելու մասին, և կարգապահական հանձնաժողովը քննում է, ուսումնասիրում է դեպքերը ու պարզվում է՝ դատախազի միջնորդությունը ակնհայտ անհիմն է, ու քննիչը էլ չի ենթարկվում պատասխանատվության՝ դրանով ապահովելով քննիչների անկախությունը», - նշեց Ղամբարյանը:
ՔԿ պաշտոնյան միայն ենթադրեց, թե ինչու են դատախազների կողմից քննիչների աշխատանքներից դժգոհությունները ավելացել. «Դատախազությունը կարծում է, որ աշխատանքի ցուցանիշների մեջ կարևորվում է քննիչների նկատմամբ ծառայողական քննություններ անցկացնելու միջնորդությունը»:
Դատախազների կողմից ներկայացված միջնորդությունների արդյունավետությունը կազմել է 26.6 տոկոս և միայն այդքանն է ՔԿ կարգապահական հանձնաժողովի կողմից բավարարվել: Ղամբարյանի խոսքով՝ միջնորդությունները պետք է լինեն հիմնավորված:
Aysor.am-ի հարցին, թե քննիչների կողմից արված հիմնականում ի՞նչ խախտումներից են դժգոհել դատախազները ներկայացված միջնորդություններով, Ղամբարյանը պատասխանեց, որ ՔԿ-ն «շատ բծախնդիր է» մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ:
«Մենք ունեցել ենք դեպքեր, երբ քննիչը հապաղել է և չի հարցաքննել անչափահաս տուժողին, պաշտպանության միջոց չի կիրառել և այլն: Կարգապահական հանձնաժողովը դա համարել է խախտում: Գույքային իրավունքի խախտման դեպքեր էլ են եղել, երբ քննիչը որոշել է կալանքից ազատել մարդու գույքը, բայց որոշումը չի ուղարկել այնտեղ, որտեղ իրավաբանորեն պետք էր հանել քաղաքացու գույքը: Հաճախ նաև քննիչները չեն ներկայացնում կողմերին դատավարական փաստաթղթերի մասին, դա նույնպես համարում ենք խախտում: Հաճախ է լինում, որ քննիչները չեն կատարել դատախազի հրատապ ցուցումները, օրինակ՝ որպես ապացույց տեսաձայնագրման առգրավում», - ներկայացրեց Ղամբարյանը:
ՔԿ կարգապահական հանձնաժողովը պարզել է նաև աշխարհագրությունը, թե որ համայքնների դատախազները որքա՞ն են դժգոհել քննիչներից: Այսպես, ըստ կարգապահական հանձնաժողովի տվյալների, միջնորդություններ ստացվել են Գլխավոր դատախազությունից՝ 2 միջնորդություն, Երևան քաղաքի դատախազությունից՝ 7 միջնորդություն, Մալաթիա-Սեբաստիայի դատախազությունից՝ 1, Շենգավիթի դատախազությունից՝ 15 միջնորդություն, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունից՝ 11 միջնորդություն, Ավան և Նոր Նորքի դատախազությունից՝ 1 միջնորդություն, Սյունիքից՝ 2 Տավուշից՝ 10 միջնորդություն:
Ղամբարյանը տեղեկացրեց, որ զանգվածային լրատվական միջոցներում քբննիչների գործունեության վերաբերյալ հրապարակումները ևս Կարգապահական հանձնաժողովում քննարկման առարկա դառնում են: