05/12/2017 17:30
Եթե կարծում ենք, որ ապրանքը թանկանալու է ԵԱՏՄ-ի շրջանակում, ապա արդեն ի վիճակի ենք այն ներկրել ԵՄ-ից. Սերգեյ Բագրատյան
Չի կարելի կոնտեքստից դուրս վերցնել մի հարց ու քննարկել այն առանձին՝ խոսելով «Ելք» խմբակցության այն պնդման մասին, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր մաքսային օրենսգրքով պայմանավորված սպասվում են թանկացումներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Բագրատյանն ընդգծեց, որ ՀՀ-ն առաջարկություններ անել չի կարող, պարզապես պետք է ԱԺ-ն վավերացնի այն:
«Սա առնվազն առաջարկությունների ռեժիմ չէ, հետևաբար այն ապրանքատեսակները, որոնք կթանկանան, մենք շատ արագ պիտի դիվերսիֆիկացնենք: Սա նաև շատ լավ հնարավորություն է որոշ չափով խուսափել եղած մենաշնորհներից: Եթե ԵԱՏՄ մի ապրանք թանկանա, ապա այլ խաղացողի չեն կարող արգելել ավելի էժան դրանից ներմուծել Հոլանդիայից, Գերմանիայից կամ այլ երկրից: Այն խնդիրները, որ մենք ունենք ԵԱՏՄ-ում, պետք է այլընտանքով լրացնենք, ինչը թույլ է տալսի ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը», - նկատեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե նոր մաքսային օրենսգրքում եղած առաջնահերթ ինչ կարևոր կետեր կառանձնացնի՝ Բագրատյանն ընդգծեց, որ կարևորում է առանց ԱԱՀ-ի սարքավորումների և հումքերի ներմուծումը, ինչը կարևոր քայլ է բիզնեսի զարգացման համար:
Պատգամավորը նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի առաջարկին, որն այսօր ԱԺ-ն մերժել էր:
««Ծառուկյան» դաշինքը գտնում է, որ այս քննարկումը ժամանակավրեպ է: Կարիք չկա ԵԱՏՄ կազմից դուրս գալու: Մեր կարծիքով սա այն տնտեսական միությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս նախկին մեր համագործակցությունը շարունակել: Թանկացումները միայն ԵԱՏՄ-ի հետ կապել ու դրա կազմից դուրս գալ միայն այդ պատճառով ճիշտ չէ, որովհետև մենք այլընտրանք ունենք: Եթե կարծում ենք, որ տվյալ ապրանքը թանկանալու է ԵԱՏՄ-ի շրջանակում, ապա մենք արդեն ի վիճակի ենք այն ներկրել ԵՄ-ից», - նշեց նա: