05/12/2017 17:07
Մամ ջան, պապ ջան, վերջացնում եմ արդեն, շուտով կգամ. Վիդեոնամակներ՝ զինվորներից
Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, Պաշտպանության բանակի միացյալ զորախմբի կողմից անցկացվել է զորավարժություն։
Միացյալ զորախմբի կողմից բացահայտվել են պայմանական հակառակորդի զորքերի հրամանատարական կետերը և կենտրոնացման շրջանները։ Պայմանական հակառակորդը հետ է շպրտվել, իսկ ՀՀ ՊՆ ու ԱՀ ՊԲ միացյալ զորախումբը լիարժեք կատարել է իր առջև դրված խնդիրը։
Զորավարժությանը մասնակից զինվորները կատարել են պարտքը. հերթը լրագրողներին հարցազրույց տալու ժամանակն է։
Շարքային Պատվական Մահտեսյանը, ով արդեն մեկ տարի ծառայության մեջ է, վստահեցնում է՝ շարունակվող մեկ տարին էլ նորմալ կանցկացնի ծառայությունը։
Ամենաշատը մայրիկին է կարոտել, նաև՝ սիրած աղջկան։ «Ուզում եմ լավ լինեն, չանհանգստանան», - ասում է Պատվականը։
Կրտսեր սերժանտ Լևոն Հովհաննիսյանը չի ուզում խոսել, բայց երբ իմացավ, որ վիդեոնամակը մայրիկն էլ է տեսնելու, սիրով համաձայնեց։
Նրա ծառայությանը մնացել է 40 օր. հարազատներին հույս է տալիս՝ «բան չմնաց, համբերեք, կգամ»։
Զինվորներից ամենապաատրաստակամը լրագրողների հետ շփվելու Սարգիս Գևորգյանն է, ում ծառայությանը, նույնպես, մնացել է 40 օր։
Ասում է՝ կարոտել է բոլոր հարազատներին, ամենաշատը՝ հայրիկին ու մայրիկին։
«Մամ ջան, պապ ջան, վերջացնում եմ արդեն, շուտով կգամ», - ասում է Ս. Գևորգյանը։