06/12/2017 15:11
Եմենի նախկին նախագահին հուղարկավորել են Սանայում
Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին դեկտեմբերի 5–ի լույս 6-ի գիշերը հուղարկավորել են մայրաքաղաք Սանայում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Աջիլ» կայքին։ Հաղորդվում է, որ հանրապետության նախկին նախագահին հրաժեշտի արարողություն չի կազմակերպվել։
Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը հայտնում էր, որ ապստամբ հուսիների «Անսար Ալլահ» խմբավորումը երկուշաբթի սպանված Ալի Աբդալլահ Սալեհի հարազատներից պահանջել էր հոգեհանգստի արարողություն չկազմակերպել։ Նրանք միայն այդ պայմանով էին համաձայնել հանձնել սպանված նախագահի մարմինը։
Նոյեմբերի 29-ին Սանայում կատաղի մարտեր էին ընթացել, որի առիթը մի շարք հաստատություններ և օբյեկտներ գրավելու հուսիների փորձերն էին եղել։ Բախումների ժամանակ զոհվել էր 250 մարդ։ Շաբաթ օրը Սալեհը հայտարարել էր հուսիների հետ գործընկերային հարաբերությունների խզման մասին, իսկ երկուշաբթի սպանվել էր ապստամբների կողմից։ «Անսար Ալլահի» զինված համախոհները փակել էին նախկին նախագահի ավտոշարասյան ճանապարհը, դուրս բերել մեքենայից և գնդակահարել։