06/12/2017 15:07
Ավանդական ընտանիքը դասական ընտանիքն է՝ հայրիկի և մայրիկի միությամբ. Շարմազանով
Ազգային ժողովն այսօր անցավ հանրության մի հատվածի կողմից բուռն քննադատության արժանացած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի ու հարակից օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը։
Խորհրդարանականներին նախագիծը ներկայացնելիս, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը տեղեկացրեց, որ օրինագծի նպատակն է ընտանիքի պաշտպանությունը, ինչպես նաև ձևավորել ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց իրավունքների ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգերի հիմնմանը։
Ըստ փոխնախարարի՝ օրինագիծը նպաստելու է նաև ընտանիքում համերաշխության վերականգնմանը։
«Օրենքը ամրագրում է այն հիմնական նպատակները, որոնք արտացոլված են օրինագծի վերանգրում», - հավելեց փոխնախարարը։
Կառավարության պաշտոնյան հստակեցրեց, որ օրինագծով բոլոր միջոցառումները իրականացվելու են ելնելով «ընտանիքում բռնության ենթարկված անձանց անվտանգության ապահովման առաջնայնությունից, ինչպես նաև ընտանիքի աջակցման, ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման սկզբունքներից»։
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ապահովման միջոցները, ըստ փոխնախարարի, օրինագծում երեքն են՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և դատարանի կողմից պաշտպանական որոշում։
Քոչարյանը ներկայացրեց, որ նախազգուշացումը իրականացվում է այն ժամանակ, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանների կողմից հայտնաբերվել է առաջին անգամ և կատարված հանցանքը առերևույթ հանցակազմ չի պարունակում։ Իսկ այն դեպքում, երբ ոստիկանը նկատում է, որ ընտանիքում առկա են բռնության դրսևորումներ ու դրանց շարունակվելու հավանականություն, նոր միայն անհետաձգելի միջամտության որոշում է կայացնում։
«Այս միջոցը պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքում, երբ անհրաժեշտ է առանց որևէ հետաձգման որոշում կայացնել մարդկանց կյանը պաշտպանելու համար», - ասաց Քոչարյանը։
Մյուս միջոցը պաշտպանական որոշումն է, որը կարող է ընդունվել դատարանի կողմից և տուժած անձի համաձայնությամբ։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունեց կառավարության նախաձեռնությունը և նկատեց, որ «խնդրահարույց դրույթները», որոնք կային նախկին օրինագծում, մշակվել ու փոփոխվել են։
«Կարևոր է այն դրույթը, որտեղ սկզբունքների մեջ նշել եք ավանդական արժեքների մասին։ Շատերը ասում են, թե ո՞րն է ավանդական ընտանիքը, ես ասեմ՝ ավանդական ընտանիքը դասական ընտանիքն է՝ հայրիկի և մայրիկի միությամբ, որտեղ ծնվում են առողջ երեխաներ և որոնք մեր հասարակության ապագան են», - հայտարարեց Շարմազանովը։