06/12/2017 15:35
«Աղջիկները դոշերը բացում են, իրանց ճղում են». Մանե Թանդիլյանը Բաբուխանյանին հորդորեց զգույշ արտահայտվել կանանց մասին
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ խորհրդարանի դահլիճում։
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կանանց հասցեին անվայել արտահայտվեց. «Մի կազմակերպություն կա, կոչվում է «ՖԵՄԵՆ», էն որ աղջիկները դոշերը բացում են, իրանց ճղում են, չգիտեմ՝ ինչ են անում, դա էլ է համարվում հասարակական կազմակերպություն։ Եթե դրանց էլ մենք պետք է խառնենք մեր ընտանիքների գործին, ես ներողություն, այդ «քաղհասարակություն» տերմինը չեմ հասկանում»։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին վրդովեցրեց կանանց հասցեին Բաբուխանյանի արտահայտությունները և նա, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորին, ասաց. «Պարոն Բաբուխանյան, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այդպես արտահայտվել կանանց հասցեին, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ անել։ Թերևս դա է ձեր վերաբերմունքը կանանց հանդեպ բռնության։ Խնդրում եմ զգույշ արտահայտվել և ուշադիր լինել ձեր ընտրած արտահայտությունների նկատմամբ»։
Նկատենք, որ պատգամավորը մտահոգված էր, որ օրինագծով ՀԿ-ներին տրվում է «մեծ դերակատարում՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ շփվելու հարցում»։ Ի պատասխան պատգամավորի հարցին՝ օրինագծի հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ասաց, որ այդ ոլորտում մասնագիտացված ՀԿ-ներն իրենց գործառույթն են իրականացնում՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության հարցում։