06/12/2017 16:17
Ինչո՞ւ պետք է ոստիկանը մուտք գործի հայկական ընտանիք. պատգամավոր
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հետաքրքրում է՝ ինչո՞ւ պետք է ոստիկանը մուտք գործի հայկական ընտանիք։
«Մենք հազիվ ենք ձերբազատվել սովետական թաղայինների ինստիտուտից, որոնք ամոթի և բարոյականության հետ վերջնահաշվարկ կատարած, համագործակցելով չարամիտ, ազատատենչ կանանց հետ՝ ամուսիններին ուղեկցում էին կա՛մ բանտ, կա՛մ տարագիր սարքում: Հիմա սա նորից ենք ուզում վերականգնել», - այսօր ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Պետրոսյանը։
Նկատենք, որ ըստ օրինագծի, ոստիկանության ծառայողները ընտանիքում բռնության դեպքի վերաբերյալ ահազանգի հետքերով կարող են աշխատել ընտանիքի անդամների հետ, նախազգուշացնել, որ չպետք է կիրառել բռնություն, իսկ եթե բռնության դեպքը ծայրահեղ աստիճանի է, ապա ոստիկանները կարող են միջամտելու վերաբերյալ որոշում կայացնել։
Նա կրկնեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հնչեցրած իր հայտարարությունները և նշեց, որ ընտանիքում համերաշխությունն վերականգնելը ո՛չ օրենքով կարող է կարգավորվել, ո՛չ էլ օրենքով սասանվել, այսինքն՝ դա «օրենքով կարգավորվելու բան չէ»։
Իրեն մտահոգող մեկ այլ դրույթ էլ առանձնացրեց պատգամավորը. ««Ընտանիքի անդամներ» եզրույթը էս ի՞նչ մեկնաբանության է ենթարկվել, է՛լ փեսա, է՛լ նախկին ամուսնու ծնող, փեսայի քույր, եղբայր և նման տարօրինակ բաներ: Ես առաջին անգամ և հույս ունեմ վերջին անգամ հեռախոսով եմ մոտենում ամբիոնին և ուզում եմ կարդալ հասարակական կազմակերպություններից մեկի սեպ խրող կարծիքը: Ասում է՝ կանայք սխալմամբ ենթադրում են, որ երեխաները հոր կարիք ունեն, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանեկան բռությունները բացասական ազդեցություն են թողնում երեխաների հոգեբանության վրա», - ընթերցեց պատգամավորը՝ նկատելով, որ «այս ամենը խայտառակություն է»։
Նա պնդեց, որ եթե ցանկություն կա ընտանեկան բռնությունները կանխարգելել, ապա նախևառաջ պետք է արգելել բռնություններ, խուլիգանություն, սպանություն քարոզող հեռուստահաղորդումները:
«Ծառուկյան» խմբակցությունը ընդհանուր առմամբ կողմ է օրինագծին, սակայն քվեարկության հարցում ազատ են լինելու։