07/12/2017 11:29
Չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ)
Պետք չէ վերագրել այս օրենքին այնպիսի դեր, ինչպիսին այն չունի և չի կարող ունենալ, ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումների ամփոփիչ ելույթում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Մի վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր, այս օրենքը չի հավակնում, նպատակադրում չի էլ եղել մտնելու մարդկանց ընտանիքներ, չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ: Մի վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր է տանում, չկա այստեղ մեր և ձեր տեսակետ», - նշեց նա՝ հավելելով, որ համաձայն չէ դահլիճում հնչած այն տեսակետների հետ, որ օրենքի համատեքստում քննարկվում են մայրիշխանության կամ հայրիշխանության պայքարի հետ կապված խնդիրներ:
Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց կողմ քվերակել օրենքի նախագծին՝ նշելով, որ իրենք բաց են օրենքի վերաբերյալ պատգամավորների առաջարկներն ընդունել, որոնք վերջիններս կարող են ներկայացնել մինչև երկուշաբթի օրը:
Օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը: Երկրորդ ընթերցումը նախատեսված է դեկտեմբերի 12-ին՝ ԱԺ արտահերթ նիստում: