11/12/2017 11:52
Չարաշահում կատարած համայնքապետերը ներվել են, որովհետև ընտրություններին ձայներ են ապահովել. Էդմոն Մարուքյան
Համայնքապետերի չարաշահումների մասին Սերժ Սարգսյանի ելույթը սպասված էր, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՏԻՄ համաժողովի ժամանակ նախագահի այն հայտարարությանը, որ ՏԻՄ կայացման ժամանակ եղել են չարաշահումներ համայնքապետերի կողմից, ինչը նրանց ներվել է, բայց 2018-ից այլևս ներում չի լինելու։
«Երկար տարիներ բոլորս գիտենք, որ ունենք համայնքի գող, թալանչի ղեկավարներ։ Նրանք եղել են ու կան, նրանք մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների գյուղերի հողերը, անշարժ գույքերն, քաղաքի կենտրոնում գտվող շենքերը սեփականաշնորհել են իրենց պաշտոնավարման ընթացքում, թալանել են ինչպես կարողացել են՝ առանց շունչ քաշելու, ու հարց է առաջանում՝ օրինակա՞ն է մարդն ամեն ինչ անում, թե՞ ոչ։ Նախագահի ելույթով պարզվեց, որ այս մարդիկ անօրինական են գործել ու այդ մասին իմացել են», - նշեց նա։
Մարուքյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ասում էր, թե իրենք աչք են փակել չարաշահումների վրա, որովհետև ՏԻՄ-երի կայացման ընթացում, բնական է, լինելու էին բացթողումներ, մինչդեռ ըստ Մարուքյանի՝ սրանք ոչ թե թերություններին տրված ներումներ էին, այլ ընտրություններին ձայն ապահովողներին։
«Նրանք ներվել են ոչ թե նրա համար, որ ՏԻՄ-ը կայանա, այլ նրա, որ լավ են ընտրակաշառք բաժանում, լավ են ձայներ հավաքում։ Ներվածներն առաջին հերթին ՀՀԿ անդամներ են, և իշխանությունն ամենաբարձր մակարդակով նրանց ներել է», - նշեց նա։
Պատգամավորը հավելեց, որ եթե լիներ գլխավոր դատախազ, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո կզբաղվեր այս հարցով՝ տեսնելու, թե որ մարզպետներն են կատարել չարաշահումներ ու ինչ ընթացկարգով է նրանց ներում շնորհվել։
«Նախագահն ունի ներման լիազորություններ, ու ես գիտեմ դեպքեր, որ դատապարտյալները գրել ու ներվել են, բայց չեմ հիշում մի համայնքապետի այդ շարքում, ուստի այս դեպքում խոսքը նախագահի Սահմանադրական իրավասության մասին չէ», - հավելեց նա։