11/12/2017 16:29
Միակողմանի մոտեցում լինել չի կարող. Դավիթ Բաբայանը՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի մասին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը դեկտեմբերի 12-ին նախատեսում է հրապարակել «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով արդար փոխհատուցման մասին վճիռը: Չիրագովները, հիշեցնենք, պահանջում են 7,9 մլն եվրո փոխհատուցում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, թե սա այնպիսի խնդիր է, որ համապարփակ ձևով պետք է կարգավորվի։
«Չի կարող լինել միակողմանի մոտեցում, ճիշտ չէ, որ հետևանքների վրա հիմնված լինի այս կամ այն կարծիքը», - ասաց Դավիթ Բաբայանը։
Նա նաև նշեց՝ սա քաղաքական խնդիր է։
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը բավական մեծ լոբբիստական աշխատանք է կատարում։ Կարծում եմ, որ նույն Չիրագովները և մյուսներն առաջին հերթին պետք է փոխհատուցում պահանջեն Ադրբեջանից, ոչ թե Արցախի Հանրապետությունից», - նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, թե տեղի ունեցածի պատճառներին պետք է նայել, ոչ թե հետևանքին։
Պատճառը, որ այդ մարդիկ թողել են իրենց բնակավայրերը, Դ. Բաբայանի խոսքով՝ Ադրբեջան պետությունն է իր ֆաշիստական և ագրեսիայի քաղաքականությամբ, որը վարել և շարունակում է վարել։
«Մենք ստիպված պաշտպանվեցինք, և այդ մարդիկ առաջին հերթին զոհ են հենց սեփական պետության վարած քաղաքականության։ Քանի-քանի այդպիսի հայեր կան, որ կորցրել են ամեն ինչ և ավելի շատ նյութական վնաս են կրել, քան Չիրագովը և ադրբեջանական ժողովրդի շատ ներկայացուցիչներ», - ասաց Բաբայանը։
Վերջինս ընդգծեց՝ այս խնդրին միակողմանի մոտեցում լինել չի կարող, ճիշտ չէ, որ հետևանքների վրա հիմնված լինի այս կամ այն կարծիքը։
Բաբայանն ասաց, թե որքանով ինքն է տեղյակ, միջազգային հանրությունը փորձելու է սառեցնել այդ ամենը, քանի որ կա նաև պատասխան հայցը (Սարգսյանների)։
«Վատն այն է, որ Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել այս ամենը։ Իսկ քաղաքականացումը նշանակում է, որ այս հարցը ևս շահարկման է ենթարկվում և այդ պարագայում շատ դժվար է մտածել, թե ինչ կլինի», - եզրափակեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։