12/12/2017 13:51
40 մլն ԱՄՆ դոլար. Հայաստանի կառավարությունը հերթական վարկն է վերցնում Ասիական զարգացման բանկից
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, որը գումարվել է հենց կառավարության նախաձեռնությամբ, ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը ներկայացրեց, որ այս համաձայնագիրը բյուջետային աջակցության վարկ է համարվում:
«Այս վարկի ստացումը հնարավորություն կտա սահուն կերպով անցկացնել 2017 թվականը և ունենալ ֆինանսական կայունության ապահովում», - ասաց փոխնախարարը:
Գումարի չափը լինելու է 40 մլն ԱՄՆ դոլար, մարման վերջնաժամկետը՝ մինչև 2031 թվականը ներառյալ: Վճարումները, ըստ կառավարության ներկայացուցչի, կատարվելու են 24 մասերով՝ 2020 թվականից սկսած:
«Կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որ մինչև 2017 թվականի ավարտը վարկը ներգրավի: Մարման ժամկետը 15 տարի՝ 3 տարին արտոնյալ», - հավելեց կառավարության պաշտոնյան:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե կա՞ հստակ ծրագիր, որոնք իրականացվելու են այդ գումարով:
«Որքանո՞վ են արդյունավետ ծախսվում այդ վարկային ծրագրերը», - հետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան, փոխնախարարն ասաց, որ կոնկրետ ծրագիր այդ գումարով չի նախատեսվում իրականացնել և դրանով էլ հենց բյուջետային աջակցության վարկը տարբերվում է մյուս վարկային ծրագրերից:
«Քանի որ մեր բյուջետային տարիները լինում են դեֆիցիտով, այդ վարկը փակելու է եկամուտների և ծախսերի տարբերությունը: Սա արտաքին աղբյուրներից ներգրավող վարկային ռեսուրս է, որն ուղղվելու է բյուջետային կայունությունն ապահավելու համար», -ասաց փոխնախարարը:
Պաշտոնյան, միաժամանակ, տեղեկացրեց, որ 2019 թվականից այլևս Հայաստանի կառավարությունը բյուջետային վարկեր չի ներգրավելու և անցնելու է նպատակային վարկերի ներգրավմանը:
«Գնալով ստանձնելու ենք նպատակային վարկեր, որոնք ուժեղացնելու են մեր տնտեսության հիմքերը, այսինքն՝ ներդրումներ են լինելու ենթակառուցվածքների մեջ: Ներդրումներ են լինելու այն հատվածներում, որոնք հիմքեր կստեղծեն մեր տնտեսության աճի ձևավորման համար», - ասաց պաշտոնյան:
Ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ տարբեր ոլորտներին բյուջեով հատկացվող ֆինանսական միջոցները կրճատվել են, քանի որ այդ գումարների մի մասը ուղղվում է վարկերից առաջացած պարտքերի մարմանը:
«Այս վարկը, որ վերցնում ենք նույնը ապագայում, մեզ չի՞ սպասվում», - հարցերց պատգամավորը:
Փոխնախարարն արձագանքելով պատգամավորին՝ ասաց, որ բոլոր ռիսկերի մասին նշվել է բյուջետային փաստաթղթում ու հավելեց.
«Ինչ վերաբերում է ապագային, ապա ես արդեն նշեցի՝ ապագան գնալու է այն ուղղությամբ, որ բոլոր վարկերը ուղղվեն տնտեսության զարգացմանը»: