12/12/2017 19:59
Հայկ Պետրոսյանը` խոզի բդի կարծրատիպը կոտրելու, Ամանորը ճիշտ նշելու մասին
Դեկտեմբերի 18-ին և 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Հայկ Պետրոսյանը և ընկերները ներկայացնում են «Հայկ-ական Նոր տարի» համերգ-ներկայացումը:
Ըստ Հայկի` սա իր տեսակով տարվա ամփոփում է, ներկայացնելու է այն ամենն, ինչ կատարվել է իր հետ 2017 թվականի ընթացքում: Նրա խոսքով` 2017-ն իր համար բավական բուռն ստեղծագործական տարի էր, ինչն ակնկալում է նաև 2018 թվականից:
Համերգ-ներկայացման ընթացքում խոսելու է նաև ապագայի մասին, սակայն ինչպես ինքն է նշում՝ կոտրելու է խոզի բդի կարծրատիպը, քանի որ շատ սիրելով Նոր տարին, դեմ է այդ ձևով այն նշելու ավանդույթին:
«Նոր տարին իմ ամենասիրելի տոնն է: Մանկական մաքրություն, հեքիաթ և ամեն ինչ նորովի սկսելու բան կա այս տոնի մեջ: Ես Նոր տարին այսպես եմ ընկալում: Չգիտեմ, թե խոզի բուդն ով է անվանել հայկական ավանդական, սակայն, երբ Նոր տարին դարձնում են կենցաղային, այն դառնում է խոզի բուդ, ինչը սխալ է, թե′ հոգևոր, թե′ ֆիզիկական առումով: Չմոռանանք, որ խոզի բուդը շատ ծանրամարս ուտելիք է: Նոր տարին առողջ սկսելու փոխարեն` մենք ծանրաբեռնում ենք մեր օրգանիզմը, հունվարի 1-ին հարբած արթնանում, ասում, որ սա կյանք չէ, և չենք էլ մտածում, որ այդ վատ տրամադրության պատճառներից մեկն էլ այդ ծանրամարս բուդն է, որովհետև այն անդրադառնում է նաև առողջության վրա: Այսպիսի շղթա կա, որի մասին չենք էլ մտածում և բուդ ենք անընդհատ ուտում»,- ասում է Հայկ Պետրոսյանը:
«Հայկ-ական Նոր տարի» համերգ-ներկայացմանը, սակայն, «բդային» կարծրատիպերը կոտրելուց բացի, լինելու է նաև երաժշտական հատված, որը գերակշռողն է: Ըստ Հայկ Պետրոսյանի` իրեն երաժշտություն ասվածն ավելի մոտ է: Երաժշտական առումով էլ իր երգացանկը չի ներկայացնելու, որովհետև երգիչը կարծում է, որ հանդիսատեսին միանգամից իր նոր երգերը ներկայացնելը համերգին այդքան էլ ճիշտ չի լինի: Հնչելու են սիրված երգեր Նոր տարվա թեմայով, թեպետ Հայկը նշում է, որ առանց ռոմանտիկ երգերի էլ չի լինի:
«Հայկ-ական Նոր տարի»-ին ունենալու է նաև հատուկ հյուրեր: Դեկտեմբերի 18-ին և 19-ին Հայկ Պետրոսյանի հյուրը կլինեն Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը և Միքայել Ոսկանյանը: Հայկի խոսքով` իր ընկերները լինելուց բացի, նրանց հետ նաև աշխատելու փորձեր է ունեցել, ինչպես նաև վերջիններս միմյանից շատ տարբեր են, հետևաբար` նոր գույներ կտան երեկոյին: