12/12/2017 19:41
Գեղարվեստական ֆիլմ, հեռուստահաղորդում, տեսահոլովակ. Դերասան Սարգիս Գրիգորյանը 2018-ից հանդիսատեսին կներկայանա նաև որպես պրոդյուսեր
Դերասան Սարգիս Գրիգորյանն, ում հեռուստադիտողը պարբերաբար տեսնում է ֆիլմերում ու սերիալներում, այսուհետ որոշել է կատարող լինելուց զատ նաև թելադրող լինել: Մասնագիտական գործունեությունից բացի, դերասանն առաջիկայում հանդես կգա նաև որպես պրոդյուսեր՝ փորձելով մերօրյա ֆիլմարտադրությանը հաղորդել իր պատկերացրած երանգներն ու որակը:
«Որոշել եմ 2018 թվականից պրոդյուսինգով զբաղվել: Որքան էլ նախագծերում գերզբաղված եմ, միևնույն է գալիս է մի տարիք, որ ուզում ես ինչ-որ բան ինքդ անել, և ոչ թե մշտապես քեզ ասեն, թե ինչ անես: Այնքան էլ փոքր չեմ, արդեն 38 տարեկան եմ: Հիմա ես փորձում եմ անել այն, ինչը կցանկանամ տեսնել էկրանին, խաղալ: Մոտ 6-7 ամիս գեղարվեստական ֆիլմի սցենար ենք գրել, մի այդքան էլ «չիտկաներ» կանենք, ինչն այսօր հայկական ֆիլմարտադրության մեջ գրեթե բացակայում է: Նկարահանումները, հավանաբար, աշնանը կսկսենք, քանի որ այդ եղանակն արդիական է այս ֆիլմում: Սա կինո է իսկական, և ոչ թե հորինված սիրո մասին», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:
Դերասանի ստեղծագործական ուշադրության կենտրոնում այժմ կրտսեր դուստրն է՝ 6-ամյա Յանան, ում հեռուստադիտողը հանդիպել է «Դեպի վայրէջք» բազմասերիանոց ֆիլմում:
«Իմ առջև խնդիր եմ դրել՝ 2018-ին Յանային պետք է բոլորը ճանաչեն, այն էլ ոչ թե Սարգիս Գրիգորյանի աղջիկ, այլ՝ շնորքով Յանա Գրիգորյան: Նույն ֆիլմում նկարահանվելու ընթացքում բացահայտեցի, որ նա, ի տարբերություն մյուս երկու աղջիկներիս, անսահման է սիրում արվեստը. գնում է վոկալի, դերասանի վարպետության դասերի, կարողանում է իրեն ճիշտ դրսևորել նկարահանման հրապարակում: Մյուս տարի միանգամից երեք նախագծով Յանան կհայտնվի հեռուստաէկրաններին: Ինքս եմ զբաղվում իր պրոդյուսինգով, ու կարող եմ վստահեցնել, որ հետաքրքիր աշխատանքներ են լինելու: Կներկայացնի և՛ մանկական հաղորդաշար, և՛ տեսահոլովակ, և՛ ինձ հետ ֆիլմում հանդես կգա», - նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով դերասանական գործունեությանը՝ նկատեց, որ մի շրջան որոշել էր «ափդեյթ» լինել, որպեսզի անընդհատ նույն տեղում «չդոփի»: Այսօր կրկին ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունի. շուտով հեռուստադիտողին կներկայանա նոր կերպարով: Այստեղ նրա խաղընկերներն են լինելու Սամվել Սարգսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Վարդան Հովսեփյանը և այլք:
«Մինչև այսօր էլ բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել, պարզապես հաշվի առնելով այն փաստը, թե ովքեր են նկարում, չեմ ընդունել: Առաջարկը ռեժիսոր Ելենա Արշակյանից եմ ստացել, ում հետ աշխատել ենք նաև 25 մասից բաղկացած «Դեպի վայրէջք» ֆիլմի շրջանակում: Կարծում եմ՝ այս ֆիլմին էլ նույն սրտացավությամբ կվերաբերի: Համոզված եմ՝ լավ կնկարի: Ինձ ուրախացնում է նաև այն փաստը, որ տաղանդավոր դեասանների հետ եմ խաղալու», - մեզ հետ զրույցը եզրափակեց Սարգիս Գրիգորյանը: