13/12/2017 11:34
Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը հարցականի տակ է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորմանը և Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը:
«Ինչպե՞ս հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերով ստանձնած իր հանձնառությունը: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել հրադադարի խախտումնների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ժնևի հայտարարությունը ընդգծում է բանակցային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես մշտապես լրջորեն սատարվել է Հայաստանի կողմից», - նշել է Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով, իրենց վերջին հայտարարության մեջ համանախագահները հերթական անգամ կոչ են արել ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը և ընգծեցել 2016թ.-ին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված այլ որոշումների կատարման անհրաժեշտությունը:
«Ադրբեջանը ձևացնում է, իբրև թե նախորդ գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հայկական կողմի առաջ քաշած նախապայմաններ են: Հայաստանը նախապայմաններ առաջ չի քաշել, սակայն դա չի նշանակում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չպետք է կատարվեն: Համբուրգում և Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհուրդների ընթացքում համանախագահների ընդունած հայտարարությունները ապացուցեցին, որ Ադրբեջանի` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը մերժելու փորձերը դատապարտված են ձախողման: Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը», - ընդգծել է նա:
Է.Նալբանդյանը նաև տեղեկացրել է, որ համանախագահները կոչ են արել կողմերին խուսափել կարևոր մարդասիրական քայլերի քաղաքականացումից:
«Տարիներ շարունակ Ադրբեջանը հրաժարվում է ինչպես մարդասիրական, այնպես էլ ռազմական ոլորտներում վստահության ամրապնդման միջոցների իրագործումից: 2014թ. հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթաժողովից հետո Բաքուն կրկին հայտարարեց, որ վստահության ամրապնդման միջոցների իրագործումը հնարավոր կլինի միայն հակամարտության կարգավորումից հետո: Ակնհայտ է, որ կարգավորումից հետո վստահության ամրապնդման միջոցների նույնչափ մեծ պահանջարկ չի լինի: Անգամ եթե Ադրբեջանը համաձայնություն է տալիս վստահության ամրապնդման ինչ-որ մի միջոցի, ապա հետագայում, որպես կանոն, Բաքուն այն վերածում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքի», - ասել է նախարարը: