13/12/2017 16:30
«Թոմաս» բնական հրդեհի պատճառով Կալիֆոռնիայում ավելի քան 900 շինություն է այրվել
Առնվազն 900 շենք է այրվել «Թոմաս» բնական հրդեհի պատճառով, որն արդեն գրեթե հազար քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում, հայտնել է Associated Press գործակալությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նրա տվյալով՝ կրակի ճարակ դարձած 900 շենքերից առնվազն 700-ը բնակելի տներ էին: Ներկայում հրդեհն սպառնում է ընդհանուր առմամբ 18 հազար կառույցների և Կալիֆոռնիայում մոլեգնում է արդեն 10 օր: Դրա հետ մեկտեղ «Թոմաս» հրդեհը տարածման չափերով հինգերորդն է դարձել նահանգի պատմության մեջ, նշում է AP-ն: Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել, նաև դաշնային գործակալություններին կոչ արել օգնություն ցուցաբերել Կալիֆոռնիայում հրդեհների վերացման գործում: Կրակի արագ տարածման կապակցությամբ նահանգի իշխանությունները կարգադրել են տարհանել ավելի քան 200 հազար մարդու: